Արմինֆո. Ազգային ժողովի "Բարգավաճ Հայաստան" խմբակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարում խորհրդարանի աշխատանքներին: Համապատասխան հայտարարությամբ դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի հերթական նիստում հանդես է եկել խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Նրա խոսքով՝ արդեն երկու օր է, ինչ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության եւ ԱԺ համանուն խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ երկրում ներդրումներ կատարելու անհնարինության մասին հայտարարությունից հետո քաղաքական դաշտում սկսվել է մարազմի եւ մազոխիզմի փառատոն: "Ինչ ասես մենք չլսեցինք այս երկու օրվա ընթացքում՝ թե Գագիկ Ծառուկյանի փողի, թե նախկին իշխանության հետ կապերի մասին։ Այս իրավիճակում խմբակցությունը չի կարող աշխատել եւ հայտարարում է ԱԺ աշխատանքի քաղաքական բոյկոտի մասին, որի ողջ պատասխանատվությունը դրվում է երկրում կառավարող իշխանության վրա", - հայտարարել է պատգամավորը։ Նա հիշեցրել է "Իմ քայլը" խմբակցության ներկայացուցչի խոսքերն այն մասին, թե որքանով է կուսակցությունը համարձակ։ "Մենք համարձակ ենք այնքանով, որքանով ստացել ենք ընտրողների ձայները, իսկ դրանք 100 հազարից ավելի են, և դուք դա գիտեք", - ասել է Արման Աբովյանը:
Նշենք, որ խմբակցության հայտարարությունը հնչել է այն պահին, երբ խորհրդարանում քննարկվում էր "Լուսավոր Հայաստան" խմբակցության հարցմանը կառավարության պատասխանը երկրում բնապահպանական իրավիճակի վերաբերյալ: Գործադիր մարմինը ներկայացնող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ համաձայն չէ Ծառուկյանի պնդմանը, թե հնարավոր չէ ներդրումներ կատարել: Փոխվարչապետը փաստել է, որ ներդրողը, որի մասին խոսել է կուսակցության առաջնորդը, ցանկացել է մայրաքաղաքի կենտրոնում որպես նվեր ստանալ զգալի հողատարածքներ: Այս հարցի վերաբերյալ Երեւանի համայնքի դիրքորոշումը, ինչպես ընդգծել է փոխվարչապետը, առավել քան հասկանալի եւ հստակ ներկայացված: "Այստեղ կարեւոր է հասկանալ, թե որտեղ են ավարտվում ներդրողի շահերը, եւ որտեղ են սկսվում համայնքի շահերը", - եզրափակել է փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ նախօրեին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե Հայաստանում հնարավոր չէ ներդրումներ կատարել։ Որպես օրինակ նա նշել էր իր գործընկեր, Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին, ով ցանկացել է Երևանի կենտրոնում երկու հյուրանոց կառուցել, ինչպես նաև սոցիալապես անապահով խավերի համար հիվանդանոց կառուցել։ Նրա ասելով, արքայազնի հանդիպումը քաղաքապետի հետ տևել է ընդամենը 30 րոպե և որևէ արդյունք չի տվել։