Արմինֆո. Ադրբեջանի խորհրդարանը ցրելով՝ նախագահ Իլհամ Ալիևը, հնարավոր է, բարձրաձայնի նաև այն պատճառները, որոնք դրդել են նրան նման որոշում կայացնել։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել
<Իմ քայլը> դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը:
<Այսօր խորհրդարանի ցրման շարժառիթների, հստակ պատճառների մասին խոսել դեռ չենք կարող: Իրավիճակը կպարզվի Ալիևի կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո. հնարավոր է, նա նաև պատճառները նշի ։ Համենայն դեպս, Միլի մեջլիսի պատգամավորները դեռ լռում են։ Սակայն դատելով ադրբեջանական ԶԼՄ-ներում բավականին ժլատ տեղեկատվությունից ՝ իշխող կուսակցությանը <խորհուրդ են տվել> քննարկել խորհրդարանը ցրելու հարցը։ Թե ով եւ ինչու է խորհուրդ տվել, բավական դժվար է պարզել։ Կարծում եմ, որ Ալիևի մերձավոր շրջապատից ինչ-որ մեկը, գուցե նաև ինքը>, - նշել է խորհրդարանականը ։
Նոյեմբերի 28-ին իշխող <Ենի Ազերբայջան> կուսակցության քաղխորհրդի արտահերթ նիստում որոշում է կայացվել լուծարել Ադրբեջանի Միլի Մեջլիսը: Սպասվում է, որ պատգամավորները նախագահ Իլհամ Ալիեւին կխնդրեն ցրել խորհրդարանը, որից հետո որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի: Ադրբեջանի խորհրդարանում մանդատների մեծամասնությունը պատկանում է իշխող կուսակցության պատգամավորներին։ <Ենի Ազերբայջան> - ում արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը պայմանավորում են <բարեփոխումների կուրսին աջակցելու անհրաժեշտությամբ>: Ադրբեջանի Միլի Մեջլիսի հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային 2020 թվականի նոյեմբերին:
Նշելով, որ ադրբեջանական օրենսդրության համաձայն ՝ խորհրդարանի ցրումը պետք է հստակ պատճառներ ունենա՝ Իգիթյանը ենթադրել է, որ, ամենայն հավանականությամբ, <Ենի Ազերբայջան> - ը կհրաժարվի պայմանականություններից և ուղղակի կդիմի նախագահին ՝ խորհրդարանը ցրելու խնդրանքով:
Իգիթյանին այնքան էլ հասկանալի չէ ադրբեջանցի գործընկերների ձեւակերպումը, ըստ որի ՝ <խորհրդարանը չի հասցնում նախագահի բարեփոխումների եւ քաղաքականության հետեւից> ։ Նրա գնահատմամբ, վերջին շրջանում Բաքվում ընդդիմության՝ հատկապես ակտիվացած հանրահավաքներում հնչող պահանջները հանգում են քաղբանտարկյալների ազատ արձակմանը, թափանցիկ, ազատ ընտրությունների անցկացմանը, իշխանությունների նկատմամբ ընդհանուր դժգոհությանը: Այս լույսի ներքո խորհրդարանականը չի կարծում, որ իր բարեփոխումներով Ալիևը մտադիր է ինչ-որ կերպ բավարարել այդ պահանջները. իշխանության մեջ պարզապես նման մթնոլորտ չի նկատվում։
<Հնարավոր է, որ խորհրդարանի լուծարումն այս կամ այն չափով պայմանավորված է Ադրբեջանում իշխող կլանների միջև վաղուց ընթացող պայքարով և սեփականության վերաբաշխմամբ։ Խորհրդարանում տեղի համար ավանդաբար պայքարել եւ պայքարում են կլանները ոչ միայն Ադրբեջանում, այլև՝ ողջ հետխորհրդային տարածքում: Եվ ինձ թվում է, որ եթե այդ նախաձեռնությունն իսկապես բխում է Ալիևից. նախագահը, հավանաբար, չի կարծում, որ գործող խորհրդարանն ամբողջությամբ արտահայտում է իր շահերը>, - ամփոփել է Իգիթյանը։