
Արմինֆո. Երևանի զարգացման հնգամյա ծրագրի կրճատումն անթույլատրելի է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Երևանի ավագանու "Լույս" խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Երևանի ավագանու վերջին նիստում Խաժակյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին մեղադրել է օրենքը խախտելու մեջ։ Ընդդիմադիրը քաղաքապետարանին մեղադրել է այն բանի համար, որ առանց որևէ հիմնավորման մայրաքաղաքի զարգացման հնգամյա ծրագրից հանվել են խաչմերուկների բեռնաթափման և 4-րդ աստիճանի վթարային շենքերին առնչվող խնդիրների լուծման վերաբերյալ կետերը:
"Խոսքը քաղաքապետարանի և Երևանի ավագանու կողմից ընդունված հնգամյա զարգացման ծրագրի մասին է, որում, ի թիվս այլ ծրագրերի, նախատեսվում էր "Հայրենիք" կինոթատրոնի և կրկեսի խաչմերուկների բեռնաթափման քաղաքաշինական ծրագրերի իրականացում, ինչպես նաեւ չորրորդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցում: Ամենատարբեր պատճառներով այս բոլոր ծրագրերը, փաստորեն, դուրս են մնացել հնգամյա ծրագրի շրջանակներից", - նշել է նա։
Ըստ Խաժակյանի՝ մայրաքաղաքի իշխանությունները կարող են որքան ասես պնդել այդ նախագծերի իրականացման մասին։ Սակայն անհասկանալի է, թե ինչպես դրանք կյանքի կկոչվեն, քանի որ մայրաքաղաքի զարգացման նոր ծրագրում դրանք չկան։ Մինչդեռ այդ ծրագրերը քաղաքի համար շատ կարևոր նշանակություն ունեն, և դրա համար էլ դրանց իրականացումից հրաժարվելը ընդդիմադիրն անթույլատրելի է համարում։
"Լույս" խմբակցության ղեկավարը մայրաքաղաքի իշխանությունների նման գործողությունները գնահատում է որպես կամայականություն՝ անթույլատրելի համարելով խոշոր քաղաքաշինական ծրագրերի հետ ցանկացած մանիպուլյացիա։ Հատկապես՝ վաղուց հասունացած: Խաժակյանը նաև կարևորում է Երևանի քաղաքապետի կողմից քաղաքի զարգացման հնգամյա ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտությունը։
"Ինձ թվում է, որ Մարությանը պետք է, առնվազն, հիմնավոր պատճառներ նշի, թե ինչու է քաղաքապետարանը որոշել այդ քաղաքաշինական նախագծերը հանել մայրաքաղաքի զարգացման ծրագրից, պետք է բացատրի դրանց օբյեկտիվության աստիճանը, բացատրի, թե որն է խնդիրը, թե ինչու հնարավոր չէ վերաբնակեցնել վթարային շենքերի բնակիչների, թե ինչու է անհնար բեռնաթափել կարևորագույն տրանսպորտային հանգույցները: Եվ միայն դրանից հետո, ավագանու թույլտվությամբ, փոխի զարգացման ծրագիրը", - ամփոփել է Խաժակյանը։