Արմինֆո. Երեւան-Մոսկվա NGT930 չվերթ իրականացնող "Արմենիա" ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում, հայտնում է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն:
"Արմենիա" ավիաընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը, որը նոյեմբերի 26-ին իրականացնում էր Երեւան-Մոսկվա NGT930 չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում", - նշվում է հաղորդագրության մեջ, որը տեղադրված է կոմիտեի Facebook-ի էջում: Ընդ որում, չեն նշվում օդանավի հարկադիր վայրէջքի պատճառները։
Ինչպես "ՌԻԱ Նովոստիին" հայտնել Է Դոնի Ռոստովի օդանավակայանի ներկայացուցիչը, "Արմենիա" ավիաընկերության ինքնաթիռը, որը Երեւանից Վնուկովո թռիչք էր կատարում, տեխնիկական պատճառներով հարկադիր վայրէջք է կատարել Ռոստովի պահեստային օդանավակայանում: Մոսկվայի ժամանակով 18.26-ին ավիաընկերության պահեստային օդանավով ուղեւորներին Դոնի Ռոստովից տեղափոխել են նշանակման վայր:
"Արմենիա" ավիաընկերությունը հիմնադրվել է 2015 թվականի վերջին, ընկերության հիմնական գործունեությունը ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն են: Ընկերության հիմնական օդանավակայանը Երևանի "Զվարթնոց" միջազգային օդանավակայանն է ։ 2016 թվականի սկզբին "Արմենիա ավիաընկերությունն" ստացել է բոլոր անհրաժեշտ կոդերը ՝ ICAO - NGT, IATA - RM և 2016 թվականի հուլիսի կեսերից չարտերային թռիչքներ է իրականացնում տարբեր ուղղություններով: Ներկայում ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Թել Ավիվ, Բեյրութ, Մինվոդի, Վորոնեժ։ "Արմենիա ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում նոր սերնդի Բոինգ 737-500 և Բոինգ 737-700 հարմարավետ օդանավերով։