Արմինֆո. Հայաստանում Իրանի դեսպանատանն արձագանքել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությանը, թե՝ ԻԻՀ իշխանություններն աջակցություն են ցուցաբերում ահաբեկչական խմբավորումներին:
ՙԵրևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպունությունը Իրանի Կառավարության և ժողովրդի դեմ Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսի պնդումները անհիմն և անվավեր է համարում: ԱՄՆ Կառավարությունը, խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և անտեսելով իր իրավական պարտավորությունները, տնտեսական ահաբեկչությամբ է թիրախավորել ժողովրդի կայնքը: Այդ երկիրը ունի մութ անցյալ՝ ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու և վերջիններիս աջակցելու գործում և ԱՄՆ ներկայիս նախագահը, այդ երկրի ներկայիս և նախկին պաշտոնյաները բազմիցս խոստովանել են դա: Իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես ահաբեկչության ամենամեծ զոհերից մեկը, ունի թափանցիկ անցյալ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանի ժողովրդին՝ այս չարաբաստիկ երևույթից պաշտպանելու գործում: Իրանի ջանքերը՝ Սիրիայում և Լիբանանում քրիստոնյա և հայ բնակչությանն ԱՄՆ –ի և այդ երկրի դաշնակիցների աջակցությունը վայելող ծայրահեղական խմբավորումներց պաշտպանելու գործում, այդ գործելաոճի վառ օրինակ է: Չնայած ԱՄՆ դեսպանի այն պնդմանը, որ այդ երկրի կառավարությունը դեմ չէ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև էներգիայի փոխանակման ծրագրին, այդ երկրի անցյալը՝ տնտեսական գործիքների չարաշահման միջոցով տաբեր երկրների ժողովրդների դեմ ճնշումների գործադրումը, վկայում է այն մասին, որ եթե այդ կառավարությունը հնարավորություն ունենար դիմակայելու տարածաշրջանային իրողություններին և հարևան երկու երկրների հարաբերությունների պահպանման և ընդլայնման ցանկությանը, չէր հապաղի ճնշել և խափանել Իրանական գազի արտահանումը Հայաստան և խոչնդոտել երկու երկրների փոխհարաբերությունները:
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը վստահ է, որ երկու բարեկամ և եղբայրական երկրներ Իրանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման գործընթացը կլինի շարունակական՚, - ասվում է ԻԻՀ դեսպանության հայտարարությունում:
Ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, անդրադառնալով Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանը, մասնավորապես, ասել էր. ՙՄենք նաև ըմբռնումով ենք վերաբերվում գազի և էլեկտրաէներգիայի փոխանակմանը Հայաստանի և Իրանի միջև: Իրանի վերաբերյալ մեր մտահոգությունն առնչվում է ոչ թե օրինական առևտրային հարաբերությունների, այլ Իրանի կողմից ահաբեկչական խմբավորումներին պետական մակարդակով աջակցություն ցուցաբերելուն։ Եվ սա շատ կոնկրետ և նպատակային ուղղություն է ։ Իսկ այս հարցից դուրս ոչ առևտրային, ոչ էլ որևէ այլ հարցում մենք որևէ խնդիր չենք տեսնում՚։ Անդրադառնալով ճշտմանը, թե՝ արդյոք Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների օրինական ընդլայնումը ԱՄՆ-ում հարցեր չի առաջացնի, դեսպանը, մասնավորապես, ասել է. ՙՈչ։ … ինչ վերաբերում է հայ-իրանական առևտրային հարաբերություններին, ապա մենք ըմբռնումով ենք մոտենում դրանց՚։