Արմինֆո.ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Նշենք, որ նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր հերթին նշել է, որ այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ <Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Ընդ որում, մեր իրավական համակարգում խոշտանգման համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածի կիրառության հետ կապված տարիներով կուտակված խնդիրներ կան։ Այս հոդվածով, դրա ընդունման պահից սկսած, որևէ անձ չի դատապարտվել, այսինքն՝ այն երբեք սպառիչ կիրառություն չի ստացել։ Մարդու իրավունքների պաշտպանն արդեն գրություն է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն>,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նոյեմբերի 21-ի նիստում գործադիրի հավանությանն է արժանացել «Ոստիկանության մասինե օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է խոշտանգումների հնարավոր դեպքերը կանխարգելելու նպատակով Ոստիկանության ստորաբաժանումներում տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի կիրառման իրավական հիմքերի ամրագրման անհրաժեշտությամբ: Օրինագծի ընդունմամբ կերաշխավորվի նաև Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը ՀՀ-ԵՄ ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում ԵՄ-ի կողմից տրամադրվող ընդհանուր բյուջետային օժանդակության ծրագրի խոշտանգումների դեմ պայքարին ուղղված մասով ստանձնած պարտավորության կատարումը: Օրենքում նախատեսվող լրացմամբ առաջարկվում է այդ նպատակի համար Ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել համապատասխանաբար տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով: Նախագծով սահմանվում են տեսագրությունների և տեսաձայնագրությունների իրականացման նպատակը, հավաքված անձնական տվյալների պահպանման ժամկետները և երրորդ անձանց փոխանցելու դեպքերը: Հստակեցվում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողների կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների կիրառմամբ ոչ գաղտնի վերահսկողության ընթացքում այդ մասին բանավոր նախազգուշացման դեպքերը: Մասնավորապես, եթե ոստիկանության ծառայողը համազգեստով է, օրենքով հստակ ամրագրված է, որ տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում, ապա տեսանկարահանում կամ տեսաձայնագրում իրականացնելու փաստն արդեն իսկ կանխատեսելի է քաղաքացիների համար: Միաժամանակ, ոստիկանության ծառայողի հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին բանավոր նախազգուշացման պահանջը լինելու է պարտադիր: