Արմինֆո. Բաքվում արձագանքել են Միլանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան ասել է, որ Հայաստանի վարչապետի կողմից ասված խոսքերը կարելի է բնութագրել՝ որպես <սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու փորձ>:
<Փաշինյանը հերթական անգամ, հղում անելով ԽՍՀՄ-ի Սահմանադրությանը, հավակնոտորեն պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ) իբր ունեցել է ինքնորոշման սահմանադրական իրավունք։Մեր կողմից նորից հիշեցնում ենք, որ ԽԱՀՄ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ միութենական հանրապետությունների տարածքները չէին կարող փոխվել առանց նրա համաձայնության։
Այսպիսով՝ այն պայմաններում, երբ ԼՂԻՄ-ի հայերի միակողմանի անջատումը հակասել է խորհրդային օրենսդրությանը, ինչպե՞ս կարելի է բնութագրել ԽՍՀՄ Սահմանադրության միջոցով դա արդարացնելու ՀՀ վարչապետի փորձերը՝ բացի սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելուց։ Փաշինյանը նշում է, որ ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը օգտվել է ինքնավարության իր իրավունքից, սակայն վարչապետը լռում է, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեն կազմակերպվել է առանց Ադրբեջանի համաձայնության, որի մի մասը իրավաբանորեն հանդիսացել է այդ ինքնավար մարզը, և դրան չի մասնակցել մարզի ադրբեջանական բնակչությունը>,- ընդգծել է Աբդուլաևան:
Ընդ որում Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, որ ի տարբերություն իր նախորդների՝ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրության առջև ներկայանում է որպես ժողովրդավարական արժեքների ջատագով: <Ուստի այժմ նա պետք է հաստատի դա և ապաօկուպացնի Ադրբեջանի տարածքները, որպեսզի խաղաղ բնակչությունը վերադառնա իր պատմական բնակավայրեր>,- հայտարարել է Աբդուլաևան։