Արմինֆո.Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը բավական արտասովոր միջադեպ է տեղի ունեցել՝ ադրբեջանցի բլոգերի մասնակցությամբ:
Այն բանից հետո, երբ Փաշինյանը պատասխանել է հայրենակցի հերթական հարցին, ճեպազրույցը ընդհատել է ոմն ադրբեջանցի՝ ներկայանալով որպես տեսաբլոգեր: <Ամբողջ աշխարհը ճանաչել է հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանությունը: Դադարեցրեք այդ պատերազմը, մեզ պատերազմ պետք չէ, ազատեք մեր հողերը, որ ես տեսնեմ իմ Խոջալուն, իմ Շուշին։ Ես ուզում եմ խաղաղություն, ե՞րբ կլինի խաղաղություն>,- հայտարարել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ ադրբեջանցին գտնվում է հայկական եկեղեցում և հարց է տալիս ՀՀ կառավարության ղեկավարին: <Հնարավոր չէ պատկերացնել, որ հայը կկարողանար մուտք գործել ադրբեջանական կողմի նմանակերպ որևէ միջոցառման, հարց տալ Ադրբեջանի որևէ պաշտոնյայի>,- ասել է նա:
Փաշինյանը սովորական սուտ է անվանել <ադրբեջանցիների ցեղասպանության> վերաբերյալ տեսաբլոգերի խոսքերը, քանի որ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ռուսական <Նեզավիսիմայա գազետա>-ին հարցազրույց է տվել և ասել, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի հեղաշրջում կատարի Ադրբեջանում:
Վարչապետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1988թ.որոշում է կայացրել ադրբեջանական ԽՍՀ-ից անջատելու մասին՝ նույն իրավական հիմքերով, որոնց հիման վրա Ադրբեջանի Հանրապետությունը որոշում է կայացրել դուրս գալ ԽՍՀՄ կազմից: <Ղարաբաղցիների որոշումը ուժային հակահարված ստացավ Ադրբեջանից, Ստեփանակերտի խաղաղ բնակիչները ենթարկվեցին անդադար ռմբակոծությունների և հրետակոծությունների Շուշիից ։ Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կազմակերպեց ինքնապաշտպանական ուժեր և կարողացավ պաշտպանել իրեն>,- ասել է վարչապետը:
<Ես խաղաղության բանաձեւ եմ առաջարկել Ադրբեջանի նախագահին։ Ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, ով հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի ժողովուրդների համար ։ Առաջարկում եմ Իլհամ Ալիեւին հանդես գալ նման հայտարարությամբ, քանի որ դա տարածաշրջանում խաղաղության և կայունության միակ երաշխիքն է>,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: