Arminfo.info





 Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2019 14:57
Կարինա Մանուկյան

Նախկին ոստիկանապետի եղբորը մեղադրանք է առաջադրվել

Նախկին ոստիկանապետի եղբորը մեղադրանք է առաջադրվել

Արմինֆո. ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է Կոտայք գյուղում «Վարդավառ»-ի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Կարեն Գասպարյանին: Հիշեցնենք, որ նա ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբայրն է:

 

2018 թվականի հուլիսի 8-ին Կոտայքի մարզի բնակիչը Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, իրենց տան դիմաց անչափահաս դստեր կողմից «Վարդավառ»-ի ժամանակ քաղաքացի Կ.Գասպարյանի ավտոմեքենան ջրելու կապակցությամբ վերջինիս և իր միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, այնուհետև` ժամը 12:30-ի սահմաններում, երբ պարզաբանումներ պահանջելու համար Կ.Գասպարյանի որդին իրեն կանչել է Գասպարյանի ամառանոց, սպանության սպառնալիքներ է տվել իրեն, պահանջել ծնկաչոք ներողություն խնդրել և բռունցքով հարվածել դեմքին:

 

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 119-րդ հոդվածի 1-ին մասով. Դատախազության որոշմամբ՝ քրեական գործի նախաքննության հետագա կատարումը շարունակվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:

 

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

 

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2018 թվականի հուլիսի 8-ին անչափահաս աղջիկը և իր հասակակից մի խումբ երեխաներ Կոտայք գյուղի 3-րդ փողոցում ու դրան հարակից հատվածում «Վարդավառ»-ի ժամանակ ջրել են միմյանց, որի ընթացքում երեխան ջրել է նաև փողոցով երթևեկող Կարեն Գասպարյանի «ԲՄՎ X3» մակնիշի ավտոմեքենան:

 

Քննության տվյալներով՝ Կ.Գասպարյանը, համայնքի մյուս բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունը ցուցադրելու նպատակով, ակնհայտ արհամարհանք դրսևորելով, ցուցադրական կերպով ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհի միջնամասում` խոչընդոտելով երթևեկությունը, իջել ավտոմեքենայից և ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խուլիգանական դրդումներով աղմկել է, վիրավորել անչափահասին, այնուհետև նաև՝ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ:

 

Աղջնակի հայրը, պատշգամբից ականատես լինելով միջադեպին, Կ.Գասպարյանից պահանջել է անհապաղ թողնել երեխային և հեռանալ, սակայն Գասպարյանը հայհոյել է երեխայի հորը, ապա փորձել բռնություն գործադրել նաև նրա նկատմամբ, բայց վեճը դադարել է հավաքվածների միջամտությամբ:

 

Սակայն Կ.Գասպարյանը, չհանդուրժելով տեղի ունեցածը, նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, երեխայի հորը հրավիրել է իր ամառանոց, որտեղ իր որդու և վերջինիս երկու ընկերների ու ամառանոցի պահակի, ինչպես նաև տուժողի եղբոր որդու և հարևանի ներկայությամբ, երեխայի հորից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել՝ իրեն հակադրվելու համար:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քննության ընթացքում Կ.Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի