Արմինֆո. Ակցիայի մասնակիցներին ցրելու համար Վրաստանի իրավապահները ջրցան մեքենա են կիրառել։
Մինչ այդ ոստիկանությունը ցուցարարներին զգուշացրել էր երկրի խորհրդարանի մոտ տարածք ազատելու անհրաժեշտության մասին։
Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, ոստիկանության կողմից ջրցան մեքենայի կիրառումից հետո ակցիայի մասնակիցների մի մասը լքել է Զուբալաշվիլիի փողոցը, իսկ մի մասը կրկին փորձում է դիմադրություն ցույց տալ հատուկ նշանակության ջոկատայիններին:
Նշենք, որ ցույցը ցրելուց առաջ վրացի իրավապահները ակցիայի կազմակերպիչներին 30 րոպե ժամանակ են տրամադրել խորհրդարանի տարածքը ազատելու համար:
Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանն անցած շաբաթ տապալեց ընտրությունների համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի ընդունումը: Արդեն մի քանի օր է ՝ ցուցարարները գիշերն անցկացնում են խորհրդարանի մոտ, իսկ այսօր նրանք ամբողջությամբ կաթվածահար են արել օրենսդիր մարմնի գործունեությունը ՝ թույլ չտալով պատգամավորներին մտնել շենք ։