Արմինֆո.Հայաստանի տարբեր գերատեսչությունների արտաբյուջետային ֆոնդերը կվերացվեն։ ՀՀ խորհրդարանը նոյեմբերի 14-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ավելի քան երկու տասնյակ օրենքներում կատարված փոփոխություններին, որոնցով կարգավորվում են տարբեր պետական կառույցների արտաբյուջետային ֆոնդերը:
Ներկայացնելով փաթեթը՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ մի շարք տարիների ընթացքում ձևավորվել են տարբեր գերատեսչությունների արտաբյուջետային հիմնադրամներ, որոնցից իրականացվել են այդ կառույցների աշխատակիցների պարգևատրման վճարումները, ֆինանսավորվել են գործունեության մի շարք այլ տեսակներ: Այժմ առաջարկվում է վերացնել այդ հիմնադրամները, իսկ միջոցներն ուղղորդել երկրի պետական բյուջեի եկամտային մաս, որտեղից էլ իրականացվելու է ֆինանսավորումը, այդ թվում՝ պարգեւավճարների վճարումները։ Խոսքը, ընդհանուր առմամբ, 30,5 մլրդ դրամի մասին է։
Նախարարի ասելով, այս միջոցառումը տեղավորվում է կառավարության ծրագրերում, որոնք ուղղված են բյուջետային միջոցների թափանցիկության ապահովմանը եւ պետական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։