Արմինֆո. ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը (հանրապետական Հարավային Կարոլինա նահանգից) Կոնգրեսի վերին պալատում արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծի շուրջ քվեարկությունը:
Ի պատասխան դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի՝ Սենատում Ցեղասպանության մասին բանաձեւի նախագծի օգտին քվեարկելու առաջարկին, Գրեմը արգելափակել է քվեարկությունը: "Մի քանի ժամ առաջ ես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ քննարկել եմ այն խնդիրները, որոնց մենք բախվել ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով։ Հուսով եմ նաեւ, որ Թուրքիան եւ Հայաստանը կկարողանան քննարկել այդ խնդիրը (1915 թվականի իրադարձությունները)։ Սենատորները չպետք է "վերաշարադրեն պատմությունը" եւ պատմական իրողություններն ընկալեն այլ կերպ, քան իրականում եղել է", -ըստ "Անադոլուի"՝ ասել է հանրապետական սենատորը՝ կոնգրեսականներին կոչ անելով որոշումներ կայացնելիս հաշվի առնել թուրք-ամերիկյան կապերի հեռանկարները։
ԱՄՆ Սենատի ցանկացած անդամ իրավունք ունի արգելափակել բանաձևերի նախագծերի շուրջ քվեարկությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 296 բանաձևը, որը Կոնգրեսի օրակարգ էր մտցվել դեռևս ապրիլին։ Բանաձեւի նախագծին կողմ են արտահայտվել Ներկայացուցիչների պալատի 405 անդամ, դեմ ՝ 11-ը:
Թուրքիան հայտարարել է, որ անտեսում է եւ անթույլատրելի է համարում 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմնակալ դիրքորոշումը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ