Արմինֆո. Լոնդոնի զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ փորձագետները հետաքրքիր կանխատեսում են արել։ Նրանց կարծիքով, շուտով ապահովված մարդիկ կմեկնեն արձակուրդ ոչ թե Մալդիվներ կամ Ալպեր, այլ՝
քիչ հայտնի երկրների հանգստավայրեր: Ցուցակում տեղ են գտել Հայաստանը, Ղազախստանը, Հարավային Կորեան, Ֆինլանդիան, ինչպես նաեւ Էրիթրեան ՝ պետություն Աֆրիկայի հյուսիս արևելքում, Կարմիր ծովի ափին:Այս մասին հայտնում է Ռեգիոն Online-ը ։
Մասնագետները կարծում են, որ բանկում տպավորիչ հաշիվներ ունեցող՝ արկածներ որոնողները հոգնել են ստանդարտ զվարճանքներից եւ միանման բնապատկերներից, նրանք ցանկանում են կոլորիտ, ավանդույթներ, արտասովոր խոհանոց եւ ազգային տարազներ:
Cookson Adventures-ի գործադիր տնօրեն Ադամ Սեբբայի խոսքով ՝ հաճախորդները ավելի քիչ են ցանկանում մեկնել հայտնի վայրեր, որտեղ մինչ այդ եղել են հարյուրավոր ծանոթներ: Ավելի ու ավելի հաճախ նրանք ոչ թե պարզապես արձակուրդ են ցանկանում, այլ՝ զգացմունքային արկածներ, որոնք կհիշվեն ողջ կյանքի ընթացքում. տեսնել հրաբխի ժայթքում, լողալ կետերի ընկերակցությամբ, մասնակցել հնդկական հարսանիքի: Նրանք պատրաստ են վճարել անհատական շրջագայության, բացառիկ երթուղու համար, ինչ-որ տեղ հրաժարվել հարմարավետությունից՝ հանուն նոր զգացողությունների, որպեսզի արձակուրդից ոչ միայն գեղեցիկ նկարներ բերեն իրենց հետ, այլև՝ նոր գիտելիքներ: