Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձանագրում է Ղարաբաղի շուրջ Երեւանի բանակցային դիրքերի թուլացում ՝ հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով:
Sputnik Արմենիային տված հարցազրույցում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակին, նա, մասնավորապես, ասել է. <Ինչպիսի՞ն է գլոբալ և տարածաշրջանային գործընթացների համատեքստում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակը։ Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է. և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն:
Փաշինյանի և Ալիևի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված և մեզ համար շատ կարևոր պայմանավորվածությունները: Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները, կարգավորման հետ կապված հստակ ձևակերպված դիրքորոշման բացակայությունը կասկածի տակ դրեցին հայկական կողմի կառուցողականությունը: Ընդ որում, մեր դիրքորոշման այդպիսի ընկալումն արդեն դուրս է եկել միջնորդների գնահատականի շրջանակից դեպի հանրային տիրույթ: Տհաճ նստվածք թողեց Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցը: Այդ ամենը նպաստում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման շեմի նվազեցմանը՝ բանակցությունների ակնհայտ անիմաստության և իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի պատրվակով:
Հրադադարի պահպանման ներուժը թուլացել է նաև այն պատճառով, որ գլոբալ հակասությունների ավելացման հետ մեկտեղ համաշխարհային հանրության մոտ նկատելիորեն կրճատվել է խաղաղության պարտադրման ռեսուրսը: Պետք է նաև հասկանալ, որ պատերազմի դեպքում դրա մասշտաբները և կործանարար հետևանքները լինելու են մինչ այս եղածից շատ ավելի ծանր: Չափազանց մեծ է հակամարտության կողմերի մոտ կուտակված զենքի և զինամթերքի քանակը: Գուցե այս ամենի ընկալումը կսթափեցնի և պատասխանատվություն կավելացնի իշխանության և նրա ֆեյսբուքյան կողմնակիցների մոտ, որոնք ոչ մի պատկերացում չունեն պատերազմի մասին:
Պատրա՞ստ է արդյոք սևերի և սպիտակների բաժանված Հայաստանը վատ սցենարների։ Երկրի անվտանգությունը կախված չէ միայն զինված ուժերի մարտունակությունից և զինամթերքի քանակից ու որակից: Հասարակական տրամադրությունները և ազգային խնդիրների շուրջ կոնսենսուսը ոչ պակաս կարևոր գործոններ են հանդիսանում:
Ներկայիս ՝ հակասություններով ծվատվող վիճակում մեր հասարակությունը երբեք չի եղել: Բարդ հարաբերությունները Հայաստանի և Արցախի կառավարող էլիտաների միջև, պատերազմի հերոսների դիվայնացումը, մարտական ճանապարհ անցած գեներալների նվաստացումը, զոհված զինծառայողների հիշատակի հանդեպ հարգանքի բացակայությունը հասարակության հայրենասիրական ներուժի վտանգավոր թշնամիներ են: Իսկ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական բյուջեն գործնականում սառեցվում է հակառակորդի ռազմական ծախսերի 20 տոկոսանոց աճի դեպքում՝ չափազանց կասկածելի է ու դժվար է բնութագրվում դավադրության տեսություններից դուրս և նորմատիվ բառապաշարի սահմաններում:
Ես ներկայացրի իմ նկատառումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերի լայն համատեքստում: Փորձեցի խոշոր գծերով ուրվագծել ակնհայտ մարտահրավերները և վտանգները, սակայն դրանով հանդերձ կոնկրետ լուծումներ չեմ առաջարկել: Ոչ այն պատճառով, որ ես դրանք չունեմ, պարզապես անվտանգությունը դա պետության բացառիկ պատասխանատվության ոլորտն է, իսկ ներկայիս իշխանությանը որևէ բան խորհուրդ տալն անիմաստ է: Սեփական իշխանության, հարմարավետության և անձնական անվտանգության ամրապնդումը նրանց համար գլխավոր և դատելով ամենից՝ միակ առաջնահերթությունն է, իսկ մնացածի համար ոչ ռեսուրս է մնում, ոչ ժամանակ>: