Արմինֆո. Հայաստանի պաշտպանական գիտության ոլորտում առաջընթաց է արձանագրվում։ Այդ մասին նոյեմբերի 6-ին գիտության ոլորտի ֆինանսավորման հիմնական հարցերին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է ՀՀ գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը։
Փորձագետը տեղեկացրել է, որ պաշտպանական գիտության ոլորտում պատկառելի աշխատանքներ են իրականացվում, հիմնականում, մասնավոր հաստատություններում։ "Արդյունքները, այսպես ասենք, վատը չեն։ Եթե այսպես շարունակվի, ապա առաջիկա տարիներին այս ոլորտում լուրջ հաջողություններ կարձանագրվեն", - հայտարարել է Հարությունյանը։
Նրա խոսքով՝ պաշտպանական ծրագրերի իրականացումից ստացված ֆինանսական մուտքերը աճում են։ Այսպես, եթե նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 1.9 մլրդ դրամ, ապա 2019-ին՝ մոտ 4 մլրդ դրամ։ "Հուսով եմ, որ առաջիկա տարիներին այդ ցուցանիշը կավելանա 2-3 անգամ", - հայտնել է նա։
Նա նաեւ տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանը գիտության ոլորտում սերտ համագործակցություն է իրականացնում աշխարհի 10-ից ավելի երկրների հետ: Ընդհանուր առմամբ, ստորագրվել է ավելի քան 40 միջազգային համաձայնագիր, իսկ 100-ից ավելի ծրագրեր իրականացվում են միջազգային համագործակցության շրջանակներում։
Մինչդեռ պետության կողմից գիտական ոլորտին հատկացվող բյուջետային միջոցների չափը հեռու է ցանկալի լինելուց։ Հարությունյանը տեղեկացրել է, որ 2015-ից գիտության բյուջեն գրեթե չի աճել, իսկ 2017 - ին, ընդհակառակը, կրճատվել է 7 տոկոսով ։ Դրա հետևանքով ԳՀԻ տնօրենները չեն կարող նոր մարդկանց վարձել, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ։ Հարությունյանը հիշեցրել է, որ գիտական դպրոցի ստեղծման համար տասնամյակներ են պահանջվում, եւ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ կորցնել առկա ներուժը: Հարությունյանի խոսքով ՝ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 65 տարեկանից բարձր անձինք կազմում են ԳԱԱ համակարգում գիտաշխատողների ընդհանուր թվի 28.2% - ը: "Եթե խորհրդային տարիներին 35-55 տարեկան անձանց բաժին է ընկել գիտական կադրերի ավելի քան 50 տոկոսը, ապա այսօր այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 16 տոկոս", - նշել է նա:
Փորձագետը տեղեկացրել է, որ վերջին տարիներին երիտասարդական ծրագրերի իրականացման միջոցով գիտության ոլորտ հաջողվել է քիչ թվով անձանց ներգրավել՝ մինչեւ 35 տարեկան: "Սակայն անմխիթար վիճակ է ստեղծվում. Մենք երիտասարդ կադրեր ենք դաստիարակում, նրանք սկսում են տպագրվել հեղինակավոր գիտական ամսագրերում, աշխատանքի հրավերներ են ստանում արտասահմանից եւ հեռանում երկրից։ Նրանց հայրենիք վերադառնալու համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն կա", - նկատել է նա։
Այսօրվա դրությամբ գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող գիտական հաստատությունների աշխատակիցների թիվը կազմում է շուրջ 6 հազար մարդ: Նրանցից մոտ 5 հազարը գիտաշխատողներ են, որոնցից թեկնածուական աստիճան ունեն 2500 - ը, իսկ դոկտորական աստիճան՝ 910-ը։
Հարությունյանի խոսքով, խորհրդային տարիներին Հայաստանում գիտության ոլորտում աշխատել է շուրջ 30 հազար մարդ, իսկ տարեկան բյուջեն մոտ 400 մլն ռուբլի էր (չհաշված կնքված պայմանագրերի շրջանակներում լրացուցիչ ծրագրերը): "ԽՍՀՄ փլուզմամբ Հայաստանում գիտական հաստատությունների թիվը չի կրճատվել, սակայն մենք ունենք չափազանց փոքր բյուջե եւ հնացած սարքավորումներ", - ընդգծել է նա: Հավելենք, որ 2020 թվականի բյուջեի նախագծով գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների գծով նախատեսվում է ծախսերը գերազանցել 0,6%-ով կամ 67,4 մլն դրամով' մինչև 12, 127,3 մլն դրամ: