Արմինֆո.Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հունաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ապա Հունաստանից ժամանած պատվիրակության հետ ծաղիկներ՝ անմար կրակի մոտ:
Հունական պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ՀՑԹԻ ֆրանսերեն լեզվի էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրեց թանգարանային ցուցադրությունը: Այցի ավարտին Հունաստանինախագահը գրառում է կատարել <Պատվավոր հյուրերի> հուշամատյանում: Ապա լրագրողների հետ շփման ժամանակ նշել է.
<Հայոց ցեղասպանության հիշողությունը պետք է պահպանվի, չէ որ եթե ցեղասպանությունները մոռացվեն, այդ հանցագործությունները նորից կկրկնվեն: Սա ուղերձ է Երևանից բոլորին: Տեսնում ենք, որ աշխարհում նմանատիպ իրադարձությունները կրկնվում են, և կան անձինք, ովքեր թշնամի են մարդուն և քաղաքակրթությանը: Մենք վերապրել ենք նույն սարսափը, ինչ հայերը: Անչափ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության նախագահին և կառավարությանը մեզ հյուրընկալելու համար, որովհետև հայ-հունական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, և մենք պետք է պահպանենք այս ընդհանուր հիշողությունը>: