Արմինֆո. Հոկտեմբերի 31-ին ՙՄեցցո՚ ակումբում ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակները, Ջազի հայկական ասոցիացիան և ՙՄեցցո Պրոդաքշնը՚ ներկայացրել են «ԱՐԱՐԱՏ ջազ երեկո» միջոցառումը՝ ՙԵրևան ջազ ֆեստ 2019-ի՚ շրջանակում։ Այս անգամ կոնյակի բույրը համեմված էր բրազիլական «Բոսա նովա» ջազային հնչյուններով։ Երեկոյի հատուկ հյուրն էր բրազիլուհի Ագաթա Իրակեման` Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ միասին՝ դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ։
Ֆրանսիայում ծնված Ագաթա Իրակեման իրավամբ զբաղեցնում է համաշխարհային ջազի առաջատար տեղերից մեկը։ Հայտնի բասահար Ռուբենս Սանտանայի դուստրն իր կարիերան սկսել է պատանի տարիքից և բազմիցս խոստովանել է, որ իրեն միշտ հիացրել և ոգեշնչել է Շառլ Ազնավուրի ստեղծագործությունը: ՙԵս անչափ ուրախ եմ այցելել Շառլ Ազնավուրի երկիր և շատ տպավորված եմ՚, - նշել է երգչուհին Հայաստանում: ՙԵրևան ջազ ֆեստ 2019-ի՚ շրջանակում երգչուհին ներկայացրել է հայ հանդիսատեսի համար պատրաստված եզակի ծրագիր:
Հիշեցնենք, որ 1998 թվականին Երեւանի կոնյակի գործարանը մտել է միջազգային Pernod Ricard (Պեռնո Ռիկար) ընկերություն: ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակները Երևանի կոնյակի գործարանում արտադրվում են ավանդական տեխնոլոգիայով, որի հիմքերը դրվել են դեռևս 1887 թվականին՝ Վասիլի և Ներսես Թաիրյանց եղբայրների կողմից։ Կոնյակների ստեղծման ժամանակ օգտագործվում է միայն էնդեմիկ տեսակների հայկական բարձրորակ խաղող և բյուրեղյա մաքուր աղբյուրի ջուր: ԱՐԱՐԱՏ կոնյակի թանկարժեք սպիրտները հնեցվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրաստվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: