Արմինֆո.ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները քննարկելու նպատակով Ֆրանսիա մեկնած ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 24-ին Փարիզում հանդիպում է ունեցել ֆրանսիացի գործընկերների հետ։
ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանը և ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։
Ֆրանսիական պատվիրակությունը ղեկավարում էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության՝ Ֆրանսիայի օտարերկրացիների գլխավոր վարչության ներգաղթի բաժնի տնօրեն Հյուգ Բեզանսնոն, պատվիրակության կազմում էին ներգաղթի վարչության արտոնագրերի ենթավարչության ներկայացուցիչ Ալեքանդր Դիբոլտը, ապաստանի իրավունքի և պաշտպանության վարչությանապաստանի բաժնի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դուբլեն։
Հանդիպմանը ՄԱԱԵ մեկնարկի շուրջ ծավալվել են բովանդակային քննարկումներ և տեղի է ունեցել մտքերի արդյունավետ փոխանակում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ֆրանսիայում ապաստանի հայցերի վիճակագրությանը, ընթացակարգերին, ընունելության նյութական պայմաններին, ապօրինի ներգաղթի և ցանցերի դեմ պայքարին, հարկադիր վերադարձի ենթական քաղաքացիների վիճակագրությանը, ինչպես նաև մուտքի արտոնագրերի դիմումներին, տեսակներին, հայցադիմումների ուսումնասիրության գործընթացներին։
Հայկական կողմն ընդգծել է ՄԱԱԵ մեկնարկի համար նախապայման հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման փաստը։ Ծառայության պետ Ա. Ղազարյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ, խոսել հարկադիր և կամավոր վերադարձի աճող տեմպերից, ոլորտում իրականացվող ծրագրերից։ Մասնավորապես ներկայացվել է վերջերս հանրային քննարկման դրված ծրագրի նախագիծը՝ ուղղված հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիների հրատապ վերաինտեգրման աջակցությանը։
Հ. Բեզանսնոն իր հերթին գոհունակություն է հայտնել միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ և ընդգծել շփումների շարունակականության ապահովման կարևորությունն ինչպես երկխոսության մեկնարկից առաջ, այնպես էլ դրանից հետո։