Արմինֆո. Հայ հասարակությունը պատրաստ չէ Նաիրի Հունանյանին ազատության մեջ տեսնել։ Այդ մասին հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով պայմանական վաղաժամկետ ազատման մասին Նաիրի Հունանյանի դիմումին։
"Հասարակության ընկալման մեջ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործն ամբողջությամբ չի բացահայտվել, եւ որոշ մեղավորներ պատասխանատվության չեն ենթարկվել եւ պատիժ չեն կրել։ Ես նույնպես որոշակի կասկածներ ունեմ, որոնք այդպես էլ չեն ցրվել։ Հուսով եմ, որ խորհրդարանում իրագործված ահաբեկչությունը լիովին կբացահայտվի։ Այն խնդիրները, որոնք հանգեցրել են պետականության կայացման գործում զգալի շեղումների, պետք է ստանան իրենց վերջնական լուծումը", - նշել է պատգամավորը, հավելելով, որ եթե Հունանյանը տեղեկատվություն ունի 1999-ի հոկտեմբերի 27-ի իրադարձությունների մասին, ապա պետք է հրապարակի այն։
1999թ. հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով խորհրդարան, գնդակահարեցին Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, փոխնախագահներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին եւ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին ու Հենրիկ Աբրահամյանին: Ահաբեկչական խմբի կազմում էին նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, ով որոշ ժամանակ աշխատել էր Հայաստանի հեռուստատեսությունում, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին ՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը։ Նրանց նկատմամբ դատավարությունը սկսվեց 2001 թվականի փետրվարի 15-ին։ 2003 թվականի դեկտեմբերի 2-ին "Կենտրոն-Նորք-Մարաշ" առաջին ատյանի դատարանը Նաիրի և Կարեն Հունանյաններին, Էդիկ Գրիգորյանին, Վռամ Գալստյանին, Դերենիկ Բեջանյանին և Աշոտ Կնյազյանին դատապարտել է ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Բոլոր յոթն էլ մեղավոր են ճանաչվել հայրենիքի դավաճանության եւ ահաբեկչության համար։
ՀՀ օրենսդրության համաձայն ՝ 20 տարի պատիժը կրելուց հետո ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման խնդրանքով: Նաիրի Հունանյանի դիմումը քննության փուլում է: