Արմինֆո.Հայաստանի իշխանությունները ընդդիմության հետ միասին պետք է կառուցեն այնպիսի պետություն, որի մասին երազում էին 1999-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերը։ Հոկտեմբերի 22-ին ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարել է պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Նա հիշեցրել է, որ հինգ օր հետո Հայաստանի հասարակությունը կնշի այդ ողբերգական իրադարձության 20-րդ տարելիիցը։ "20 տարի առաջ այս դահլիճում մի խումբ սրիկաներ գնդակահարեցին պետության ընտրված ղեկավարներին՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին և վարչապետ Վազգեն Սարգսյանին, ովքեր հույս էին արթնացրին հայ հասարակության շրջանում", - հայտարարել է պատգամավորը, հավելելով, որ այդ հանցագործությունն ուղղված էր երկրի պետականության և անկախության դեմ։ Պատգամավորի համոզմամբ, անհրաժեշտ է պետության զարգացումը վերադարձնել այն հանգրվանին, որում այն կանգ է առել 1999 թվականի հոկտեմբերին։ "Մենք պարտավոր ենք ամբողջությամբ բացահայտել այդ հանցագործությունը։ Մինչդեռ, ցավոք, այդ հարցը մեր օրակարգում ամրագրված չէ։ Նոր իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն այդ ուղղությամբ, ինչը, մի կողմից, հարգանքի տուրք կլինի ահաբեկչության զոհերի նկատմամբ, մյուս կողմից ՝ կվերականգնի արդարությունը", - նշել է պատգամավորը, հավելելով, որ ահաբեկչությունը կազմակերպվել և իրականացվել է ներքին և արտաքին ուժերի կողմից, որոնք մինչ օրս չեն բացահայտվել։ Իսկ դա, նրա համոզմամբ, նշանակում է, որ նման տեսակի ահաբեկչություններ կարող են կրկին տեղի ունենալ ցանկացած ժամանակ։
Հիշեցնենք, որ1999թ. հոկտեմբերի 27-ին ազգային ժողովում գնդակահարվեցին Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը եւ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը։ Ահաբեկչական խմբի կազմում էին նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, ով որոշ ժամանակ աշխատել էր Հայաստանի հեռուստատեսությունում, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին ՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը։ Նրանց նկատմամբ դատավարությունը սկսվեց 2001 թվականի փետրվարին։ 2003 թվականի դեկտեմբերի 2-ին Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը Նաիրի և Կարեն Հունանյաններին, Էդիկ Գրիգորյանին, Վռամ Գալստյանին (2004 թվականին, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն է գործել), Դերենիկ Բեջանյանին և Աշոտ Կնյազյանին դատապարտեց ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման (2010թ. մայիսին նրա դիակը հայտնաբերվել է "Նուբարաշեն" ՔԿՀ-ում՝ անկողնում): Բոլոր յոթն էլ մեղավոր են ճանաչվել հայրենիքի դավաճանության եւ ահաբեկչության համար։ ՀՀ վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել դատավճիռը։