Արմինֆո. Հաջորդ տարվանից Հայաստանի կառավարությունը մտադիր է կոնկրետ քայլեր ձեռնարկել եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման ուղղությամբ։ Այդ մասին հոկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տնտեսագետ, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Իսկ մինչև տարեվերջ, ըստ նրա, կներկայացվի այդ համակարգի աշխատանքի մեխանիզմների սխեման։ Կառավարությունը, ինչպես նշել է Թունյանը, ցանկանում է հետևողական անցում կատարել այդ մեխանիզմին։
"Տարբեր կարծիքներ են հնչում։ Մեզ ասում են, որ ամենավատ բանը, որ կարող ենք անել, եկամտահարկի գործող համակարգից հրաժարվելն է։ Մենք էլ ասում ենք, որ մենք ուզում ենք փոխել այս համակարգի աշխատանքի մեխանիզմները, այլ ոչ թե՝ բուն համակարգը", - ասել է նա:
Տնտեսագետը պարզաբանել է, որ եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտը նախատեսում է եկամտահարկի վճարում այն գումարից, որով նվազեցվել են կառավարության կողմից սահմանված գերակա ուղղություններին ուղղված ծախսերը, մասնավորապես ' կրթությունը, առողջապահությունը և այլն:
"Մենք նվազեցնում ենք ոչ թե հարկը, այլ հարկման բազան։ Դա մեզ հնարավորություն կտա ավելի հասցեական օգնություն տրամադրել։ Եթե այս համակարգը ներդրվի, ապա դա մեզ թույլ կտա ավելացնել մի շարք այլ չափանիշներ և որոշ չափով լուծել սոցիալական խնդիրները։ Օրինակ՝ հաշվի են առնվելու երեխաների թիվը, կյանքի սոցիալական պայմանները և այլն", - ասել էց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հարկ վճարողների ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտություն կա։ "Բոլորը պահանջում են թոշակների, նպաստների եւ աշխատավարձի բարձրացում, հարթ ճանապարհներ եւ նոր դպրոցների կառուցում: Բայց երբ խոսքը վերաբերում է հարկերին, որոնք պետք է ապահովեն պետական բյուջեի եկամուտները, որտեղից էլ այդ նպատակով միջոցներ են ստացվելու, բոլորը մի կողմ են քաշվում", - հայտարարել Էր վարչապետը:
Ընդ որում, ինչպես նշել է Փաշինյանը, հայտարարագրումը դեռ չի նշանակում, որ այդ եկամուտները հարկվում են։ Այսօր նա կոչ է արել նախաձեռնությունը դիտարկել որպես երկխոսության նոր ձեւ։ Ընդգծելով, որ միայն հարցի լայն քննարկումից հետո այն կիրագործվի, Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հայ հասարակությանը լինել "openminded" (խմբ. ՝ առանց նախապաշարումների, բաց):
Ավելի վաղ Արմինֆո գործակալությունը հաղորդել էր, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն մտադիր է հանդես գալ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկով: Եթե փոփոխություններն ընդունվեն, նույնականացման քարտերը (ID-քարտերը) կծառայեն նաեւ որպես կուտակային քարտեր, ապա դրանք հնարավոր կլինի օգտագործել նաեւ առեւտրի կենտրոններում: Ինչպես հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության Facebook - յան էջում տեղադրված տեսանյութում, ID քարտ ունեցողների համար հատուկ հայտարարագրեր են պատրաստվելու: "Մենք բոլորին կբաժանենք քարտերի "ընթերցման" սարքեր։ Հսկիչ-դրամարկղային մեքենաները որոշելու են գնորդին, և երբ դուք ինչ-որ բան ձեռք բերեք խանութում, ապա ՊԵԿ-ում այդ ապրանքը կգրանցվի որպես գնված ։ Ընդ որում, բոլոր գնումների գումարի 3 տոկոսը մեկ տարվա ընթացքում կվերադարձվի քաղաքացուն", - ասել է Անանյանը։
Ընդ որում, 2018 թվականի նոյեմբերի 7-ին, պատասխանելով Արմինֆո գործակալության հարցին, ՊԵԿ ղեկավարը հայտարարել էր, որ եթե քաղաքացու ծախսերը զգալիորեն գերազանցեն պաշտոնական եկամուտները, ապա, հնարավոր է, հարկատուների մոտ հարցեր ծագեն այդ միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ: "Պետությունն իրավունք ունի խնդրել ցույց տալ նաև այն եկամուտները, որոնք ձեզ հնարավորություն են տվել նման ծախսեր կատարել", - նշել էր նա: Անյանանի խոսքով՝ որպես մարդ հասկանում է այն քաղաքացիների անհանգստությունը, ովքեր թաքցնում են իրենց իրական եկամուտները, բայց նրանց չի հասկանում՝ որպես հարկային վարչարար։