Արմինֆո.Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը վստահությամբ նշել է, որ առկա են բոլոր նախադրյալները հայ-բրիտանական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու և երկկողմ փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է բոլոր մակարդակներում դինամիկ երկխոսության հետագա ծավալումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ։
Որպես թիրախային ուղղություններ՝ կողմերը նշել են ՏՏ, բարձրագույն տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտները: Զրուցակիցները կարևորել են նշյալ բնագավառներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերը և մարդկանց միջև շփումների ակտիվացումը: Մտքեր են փոխանակվել երկկողմ ստեղծված իրողություններին համապատասխան համագործակցության իրավապայմանագրային դաշտի ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Նախարար Մնացականյանն իր գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը, որոնք միտված են ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Այս գործընթացում առանձնահատուկ կարևորվել է միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը:
Նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում նախարար Մնացականյանը կարևորել է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ արժանահավատ քայլերի ձեռնարկումը: