Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում ընթանում են "Կուսակցությունների մասին" ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին" օրենքի նախագծի քննարկումներ:
Լսումների ընթացքում ելույթ ունեցած ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը եւ այլոք կարեւորել են քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծը, որը համաձայնեցվել է միջազգային կառույցների հետ: Նրանք արձանագրել են կուսակցությունների նույնականության և ինքնուրույնության պահպանման անհրաժեշտությունը՝ միաժամանակ մատնանշելով նրանց գործունեությունը կանոնակարգելու անհրաժեշտությունը։ Փաստաթղթով, մասնավորապես, նախատեսված է պետական աջակցություն կուսակցություններին։ Մասնավորապես, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին պետությունը երաշխավորում է երկրի մարզերում գրասենյակների տրամադրում։ Բացի այդ, բոլոր կուսակցություններին, առանց բացառության, կառավարությունը 5-10 անգամ կավելացնի պետական ֆինանսական աջակցության ծավալները։ Գործող օրենքից հանվում է այն դրույթը, որը վերաբերում է նրանց գործունեության կասեցմանը երկու կամ ավելի համընդհանուր ընտրությունների չմասնակցելու դեպքում։ Կուսակցությունների գործունեությունը կարող է կասեցվել բացառիկ դեպքերում։
Յուրաքանչյուր կուսակցության գործադիր մարմինը կդառնա առնվազն 5 հոգուց բաղկացած խորհուրդը։ Ընդ որում, Խորհրդի կազմում մեկ սեռի գերակայությունը մյուսի նկատմամբ չպետք է գերազանցի 70 տոկոսը։ Նվիրատվությունների ընդունումը կարող է իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով: Ընտրական գործընթացների ժամանակ ֆինանսական միջոցների հոսքի վերահսկողության նպատակով նախատեսվում է ստեղծել հատուկ մարմին: