Արմինֆո.ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցին:
Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարի հետ վերջին հանդիպման վերաբերյալ վերը նշված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարարի արտահայտած «հիասթափությանը» և այն հայտարարությանը, որ բանակցությունների հիմք է Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան փաստաթուղթը՝ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է. ՙԼեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի կարծիքի առնչությամբ պարզապես ցանկանում եմ թեթևակի հիշեցում անել, որ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից: Մենք հետևողականորեն ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որոնցում առաջնային նշանակություն ունեն Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը: Մենք հետևողականորեն աշխատում ենք մեր օրակարգի շուրջ՚:
Մեկնաբանելով հայերի Ադրբեջան այցելելու հետ կապված խնդրի լուծման յուրօրինակ տարբերակը, որն Ադրբեջանի ԱԳ նախարարը ներկաայցրել էր վերը նշված հարցազրույցում, Աննա Նաղդալյանը նշել է. ՙԱյն, որ հայերը Ադրբեջանում խտրականության թիրախ են հանդիսանում, մեզ համար նորություն չէ: Ըստ էության, իր հարցազրույցում դա հաստատում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը, ով ընդունում է ծագումով հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության առկայությունը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է նաև այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից՝ մասնավորապես ՌԴ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ առկա խտրական քաղաքականության կառավարման լավագույն տարբերակն Ադրբեջան ամեն մի հայի մուտքի հարցը բանակցությունների առարկա դարձնելն է՚: