Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հոկտեմբերի 14-17-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ:
ԱրմԻնֆո-ին տրամադրված Մինսկի միջնորդների հայտարարության մեջ հիշեցվում է Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում կայացած բարձր մակարդակի հանդիպումների մասին։
Միջնորդները նաեւ նշում են, որ Բաքու կատարած այցի ժամանակ հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նախագահի հետ: "Լեռնային Ղարաբաղում միջնորդները մարդասիրական հարցերի մասին տեղեկացվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղական ներկայացուցչի կողմից։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները տեղեկացրել են համանախագահներին Աշխաբադում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում իրենց ունեցած վերջին զրույցի մասին եւ ներկայացրել են իրենց գաղափարներն այն մասին, թե ինչպես առաջ մղել կարգավորման գործընթացը: Համանախագահները ողջունել են բնակչությանը խաղաղության նախապատրաստելու եւ լարվածության թուլացման համար մարդասիրական կոնկրետ միջոցառումների եւ անվտանգության միջոցների ձեռնարկման հեռանկարը", - ասված Է ԵԱՀԿ-ի հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են PRCIO-ի գլխավորությամբ մոնիթորինգի առաքելության բացառիկ կարևորությունը, որն իրականացվում է նրա մանդատին և բազմամյա փորձին համապատասխան: Համանախագահները նաեւ կողմերին կոչ են արել այսուհետ եւս լիովին աջակցել PRCIO-ի եւ նրա թիմի գործունեությանը եւ ապահովել ցանկացած խոչընդոտների անհապաղ վերացումը, որոնք կարող են խանգարել դիտարկման առաքելություններին:
"Արտգործնախարարները հաստատել են մինչև տարեվերջ համանախագահի հովանու ներքո կրկին հանդիպելու իրենց մտադրությունը։ Համանախագահները առաջիկայում կմեկնեն Վիեննա' ԵԱՀԿ Մշտական խորհրդին և Մինսկի խմբի անդամներին այցի արդյունքների մասին տեղեկացնելու համար", - ասվում է միջնորդների հայտարարության մեջ: