Արմինֆո.Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի հիման վրա ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում: Այս մասին Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը ։
Նա նաև նշել է, որ ավելի վաղ ՀՔԾ քննիչն այցելել էր նաև ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ Հրայր Թովմասյանի կուսակցությանն անդամությունը կասեցնելու վերաբերյալ փաստաթղթերը առգրավելու նպատակով:
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:
Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն:
Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման օրինականությանը։ Պատգամավորը գլխավոր դատախազություն ուղարկած հաղորդման մեջ նշել է, որ Թովմասյանը 2018 թվականին այդ պաշտոնը ստանձնելիս թույլ է տվել օրենքի խախտում: Այսինքն ՝ Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են առանց համապատասխան դիմումի՝ այն ժամանակվա ԱԺ նախագահի գոյություն չունեցող հիմնավորման հիման վրա։ Ըստ Բաբաջանյանի ՝ պատգամավորական լիազորությունները չեն կարող դադարեցվել գոյություն չունեցող հիմնավորումներով։