Արմինֆո. "Եթե ինձանից հետաքրքրվեն 1,5 տարվա իմ վարչապետության ընթացքում ամենակարևոր ձեռքբերումների մասին, առաջինների թվում ես կնշեմ Հայաստանի և Վրաստանի միջև նոր որակի հարաբերությունների հաստատումը", - հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի իր պշատոնակից Գեորգի Գախարիայի հետ առանձնազրույցի ժամանակ:
"Ուրախ եմ, որ դեռ անձնական հանդիպումից առաջ կարողացանք ջերմ աշխատանքային հարաբերություններ հաստատել։ Կարևոր է արձանագրել, որ մեր հանդիպման առաջին րոպեից մենք նշեցինք, որ այսօր բավականին բարձր մակարդակի բանակցություններ ենք անցկացնելու, որի արդյունքում Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները կբարելավվեն", - ասել է Փաշինյանը։
Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Գախարիան, իր հերթին, հայտարարել է, որ ուրախ է պաշտոնական այցով լինել Հայաստանում: "Մենք մեծ պատասխանատվություն ենք կրում մեր ժողովուրդների առջեւ", - հայտարարել է նա՝ նշելով հայերի եւ վրացիների պատմական բարեկամությունը: Նա համոզմունք է հայտնել, որ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի հայտարարել Վրաստանի եւ Հայաստանի միջեւ ավելի խորը կապերի հաստատման մասին, ինչն անպայման դրական կանդրադառնա երկու երկրների քաղաքացիների կենսամակարդակի վրա:
Ընդգծելով Վրաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները բավականին բարձր մակարդակը՝ Գախարիան նշել է տնտեսության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում համագործակցության աճի ներուժը: "Կարծում եմ, որ այսօրվա բանակցությունները դրական ազդեցություն կունենան Վրաստանի եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության վրա", - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ Գեորգի Գախարիան Վրաստանի վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 8-ին ։ Հոկտեմբերի 9-ին Գախարիան պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան: Ալիեւի հետ հանդիպմանը վստահություն էր հայտնել, որ Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ չկան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել եղբայրական եւ բարեկամական ձեւով: Նա պատահական չի համարել այն փաստը, որ իր առաջին արտասահմանյան այցը կատարել է հենց Ադրբեջան։ Վրաստանի վարչապետն ընդգծել էր, որ այդ այցով ևս մեկ անգամ ապացուցում է թշնամիներին և չարակամներին, որ երկու երկրների հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան: Հանդիպման ընթացքում Ալիեւն ու Գախարիան կենտրոնացել էին երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության առանցքային ուղղությունների, երկկողմ համագործակցության օրակարգի կարեւոր հարցերի եւ Ադրբեջանի ու Վրաստանի կողմից համատեղ իրականացվող նախագծերի շուրջ տարածաշրջանային աշխատանքի քննարկման վրա: