Արմինֆո.ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Աշխաբադում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը, ընդգծել է, որ Թուրքմենստանի մայրաքաղաքում բանակցություններ չեն ընթացել:
Հոկտեմբերի 14 - ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ Նաղդալյանը, անդրադառնալով Փաշինյան-Ալիեւ հանդիպման օրակարգին, նշել է, որ ամեն ինչ տեղավորվում էր միջազգային քաղաքավարության կանոնների մեջ։ <Աշխաբադում ոչ թե բանակցություններ են տեղի ունեցել, այլ միայն՝ շփումներ։ Երկու երկրների ղեկավարները միմյանց կողքին հայտնվել են այբբենական կարգով նստելու հետևանքով, և ամբողջ ճաշի ընթացքում զրույց է եղել նրանց միջև, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ>,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը բոլոր միջազգային հարթակներում մշտապես պահպանել է քաղաքավարության կանոնները, և ամեն ինչ տեղավորվում է այդ տրամաբանության մեջ ։