Արմինֆո.Աշխաբադում Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստում Հայաստանի պատվիրակությունը գլխավորող արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում, ի թիվս այլ հարցերի, հանգամանալից ներկայացրել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որում հայկական կողմի առաջնային գերակայություններն են Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ խաղաղ գործընթացի հաջող զարգացման համար անհրաժեշտ է, որ բանակցությունները չդիտարկվեն որպես առավելապաշտական մոտեցումների առաջմղման և պարտադրման միջոց։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել նաև խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությանը: