Արմինֆո. Հայաստանի կառավարությունն այսօր հերթական նիստից հետո դռնփակ քննարկում է անցկացրել Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի շուրջ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ քննարկման ավարտից հետո։ Նրա հավատսմամբ, Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում են հայաբնակ շրջանները։
"Ներկայում հանձնարարություն կա՝ հասկանալ, թե ինչպես մենք կարող ենք օգնել նրանց, ապահովել սիրիահայերի անվտանգությունը", - հայտարարել է Գրիգորյանը:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Հանրապետություն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է այդ ներխուժումը։ Այդ մասին հայտարարություն է տարածել նաև Հայաստանի ԱԳՆ: ՙՀայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ։ Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։
Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին՚, - ասվում է ԱԳՆ հայտարարությունում։