Արմինֆո. Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում:
ՙՀատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ։ Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։ Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին՚, - ասվում է ԱԳՆ հայտարարությունում։
Նշենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան լայնածավալ "հակաահաբեկչական գործողություն" է սկսել Եփրատ գետից արեւելք ընկած Սիրիայի շրջաններում։
Ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահը, "խաղաղության ակունք" անվանումը ստացած գործողության նպատակը Թուրքիայի սահմանների մոտ ահաբեկչության սպառնալիքի վերացումն է եւ "անվտանգության գոտու" ստեղծումը, որտեղ կամավոր կվերադառնան միլիոնավոր սիրիացի փախստականներ: Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը Թուրքիային հավանություն չի տվել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելու համար: Ընդ որում, Փոմփեոն պաշտպանել է ադ շրջանից ամերիկյան ուժերը դուրս բերելու Դոնալդ Թրամփի որոշումը, որը քննադատության է արժանացել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Ինքը՝ Դոնալդ Թրամփը, Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի գործողությունը համարել է վատ գաղափար՝ ավիահարվածներն սկսվելուց հետո։