Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ որոշումը կայացվել է "Հանրային ծառայության մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին նախագահ Արմեն Սարգսյանը կառավարության ղեկավարի առաջարկով հրամանագիր էր ստորագրել ոստիկանապետ Վալերի Օսիպյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։ Նույն օրը երեկոյան Օսիպյանը նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական։ Այն հարցին, թե ինչու Վալերի Օսիպյանը նշանակվեց կառավարության ղեկավարի գլխավոր խորհրդական, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պատասխանել էր, թե, հնարավոր է, վարչապետը գտել է, որ այդ կարգավիճակում նախկին գլխավոր ոստիկանն օգտակար կլինի։
Չհաստատված տեղեկությունների համաձայն, Օսիպյանն, ի սկզբանե, դեմ է եղել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում իր նշանակմանը։ Նա հրաժարվել է աշխատանքի դուրս գալ, ինչի պատճառով էլ կառավարության աշխատակազմի կադրերի բաժինը, առանց Օսիպյանի գիտության, նրան ուղարկել է արձակուրդ։ Նախօրեին արձակուրդի ժամկետը լրացել է, բայց Օսիպյանը աշխատանքի վերադառնալու փոխարեն աշխատանքից ազատման դիմում է գրել։
Վալերի Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել "թավշյա հեղափոխությունից" անմիջապես հետո ՝ 2018 թվականի մայիսի 10-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ոստիկանության մայրաքաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Բողոքի ցույցերի օրերին նա և Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարիկադների տարբեր կողմերում էին։ Իշխանության գալուց հետո Փաշինյանն իր ընտրությունը կանգնեցրեց Օսիպյանի վրա ՝ հայտարարելով, որ այդ որոշումը պետք է խորհրդանշական նշանակություն ունենա ։ Կառավարության ղեկավարը դա անվանել էր Հայաստանում "փշալարերի մշակույթի" վերացման նշան ։