Արմինֆո. Հոկտեմբերի 2-ին Սոչիում "Վալդայ" բանավեճերի ակումբի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Արցախի վերաբերյալ արված հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ։ Արմաինֆո-ին աայդպիսի կարծիք է հայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։
Հոկտեմբերի 2-ին Ռուսաստանի ԱԳ նախարարը Սոչիում հայտարարել է, թե "կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի մթնոլորտի ստեղծմանը": "Հնչել են, նույնիսկ, այնպիսի կոչեր, որ Ղարաբաղը՝ Հայաստան է։ Իհարկե, դա գործընթացին չի օգնում։ Բայց մենք մյուս համանախագահների հետ միասին աշխատում ենք ններդաշնակ, այստեղ, փառք Աստծո, սա, երևի, այն սակավաթիվ իրավիճակներից է, որտեղ մենք միասնական տեսլական ունենք, մենք ունենք հիմնարար փաստաթղթեր, մենք չենք ուզում դրանք վերստուգել, մենք ուզում ենք հանգուցալուծում փնտրել այդ հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնք բազմիցս քննարկվել են: Բայց հանգուցալուծումը պետք է գտնել, անշուշտ, ուղիղ երկխոսության միջոցով", - նշել է Լավրովը։
"Ադրբեջանի նախագահի ներկայության փաստը լիովին կարող էր դրդել ռուս դիվանագետ Լավրովին անել այդ, այսպես ասենք, չհավասարակշռված հայտարարությունը ՝ Սոչիում բանակցությունները Ռուսաստանի շահերին համապատասխան խթանելու նպատակով։ Ընդ որում, նա փորձել է միջնորդի դիրքերից խոսել Արցախի շուրջ իրեն անհանգստացնող իրադարձությունների մասին։ Սակայն, որպես հակամարտող կողմերից հաավասարապես հեռու միջնորդ, ռուս նախարարը պետք է ժամանակ առ ժամանակ մեկնաբաներ նաև Երևանը զավթելու Իլհամ Ալիևի մտադրությունը, որոնք ամրապնդվում են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ռազմաշունչ հայտարարություններով ", - նշել է վերլուծաբանը։
Ամեն դեպքում, փորձագետը կարծում է, որ Հայաստանի համար ամենասխալ մոտեցումն էր այդքան լուրջ վերաբերվել ռուս նախարարի նման հայտարարությանը, հաշվի առնելով այն վայրն ու պայմանները, որտեղ այն հնչել է։ Պողոսյանի գնահատմամբ՝ ռուս նախարարը շատ լավ հասկանում է, որ Հասանովի և Ալիևի ռազմատենչ հայտարարություններն էապես վնասում են բանակցություններին ։ Այս լույսի ներքո՝ նա տեսնում է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի ավելի հավասարակշռված դիրքորոշման անհրաժեշտություն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրի ներկայացուցիչ։
"Մենք պետք է հստակ հասկանանք, որ Արցախի խնդիրը համանախագահող երկրներից հնչող հայտարարություններով չի լուծվելու։ Այդ հայտարարությունները կրել, կրում և կրելու են բոլորովին այլ բնույթ։ Մենք պետք է ամրապնդենք երկիրը, ամրապնդենք պետականությունը, հզոր Արցախ ձևավորենք ։ Եթե մենք կարողանանք խթանել և զարգացնել գիտությունը, բանակը, ռազմական արդյունաբերությունը, խնդիրը կլուծվի մեր օգտին։ Արցախի լուծումը ոչ թե հայտարարություններում է, այլ մեր վճռականության մեջ, ամեն գնով ազգային շահերը պաշտպանելու պատրաստակամության մեջ։ Այդ ուղղությամբ մեր առջեւ երկար ճանապարհ կա", - ամփոփել է փորձագետը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 3-ին կարևորել է համանախագահող երկրների կողմից ընտրողական և միակողմանի գնահատականներից խուսափելը: Նա նաեւ կարծքի է հայտնել, որ Բաքվի պնդումներն այն մասին, թե հարցը պետք է լուծվի "բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում", չեն նպաստում խաղաղ գործընթացի առաջ մղման համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը: