Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման քաղաքական գործընթացն արգելակված է, եւ առայժմ այդ արգելակումը հաղթահարել չի հաջողվում: Նախօրեին «Վալդայ» միջազգային բանավեճերի ակումբի 16-րդ նիստում այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով "սառեցված հակամարտությունների", այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության հնարավոր "ապասառեցման" մասին Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հարցին։
"Ինչ վերաբերւոմ է Լեռնային Ղարաբաղին, ապա վերջին շրջանում շփման գծում իրավիճակը բավականին հանդարտ է, միջադեպերը սակավաթիվ են, եւ դրանք այնքան էլ խոշոր չեն: Տեղի է ունեցել զոհվածների դիերի փոխանակում, պատրաստվում է պահվող անձանց փոխանակում: Ոչ մեծ քանակությամբ, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ գործընթաց գնում է: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ, սերտորեն եւ բարեկամաբար են աշխատում, այս տարի 3 անգամ հանդիպել են ԱԳՆ ղեկավարների հետ, այդ թվում՝ ապրիլին Մոսկվայում իմ մասնակցությամբ", -հիշեցրել է Ռուսաստանի արտգործնախարարը, հավելելով, որ իրադրությունը շատ ավելի հանդարտ է, քան մեկ տարի առաջ: «Բայց քաղաքական գործընթացն արգելակված է, եւ առայժմ այդ արգելակումը հաղթահարել չի հաջողվում", - ասել է Լավրովը:
Նա, միևնույն ժամանակ, փաստել է, որ կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար մթնոլորտի ստեղծմանը: Այս համատեքստում Ռուսաստանի արտգործնախարարը հիշատակել է Ղարաբաղը Հայաստան է կոչը, որը, նրա համոզմամբ, գործընթացին չի օգնում:
Լավրովը նաև ընդգծել է, որ ռուսական կողմը, որպես համանախագահ, ամերիկացիների եւ ֆրանսիացիների հետ ներդաշնակ է աշխատում, և "սա, ըստ երևույթին, այն սակավաթիվ իրավիճակներից է, երբ երեք համանախագահները բացարձակապես միանման տեսլական ունեն": "Կան բազային փաստաթղթեր, մենք չեն ցանկանում դրանք ռեվիզիայի ենթարկել, մենք ցանկանում ենք հանգուցալուծում որոնել այդ բազային սկզբունքների հիման վրա, որոնք բազմիցս քննարկվել են: Բայց հանգուցալուծումն, իհարկե, պետք է գտնել ուղիղ երկխոսությամբ", - ասել է Լավրովը, ընդսմին հավելելով, որ շփումներ կան, բայց կարգավորման շուրջ երկխոսությունն առայժմ չի վերականգնվել:
Սակայն, Լավրովի ասելով, ինքն այստեղ ինչ-որ խոշոր մարտական գործողությունների վերսկսման ակնհայտ վտանգ չի տեսնում, ոչ ակնհայտ՝ նույնպես։ Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան հնարավորինը կանի, որպեսզի դա տեղի չունենա: