Արմինֆո. Հայաստանն ստորագրել է Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամույլի ծառայությունից, հոկտեմբերի 2-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիի ներկայությամբ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ՀՀ անունից ստորագրեց Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությունը: Փաստաթղթի նպատակը դեռևս 1985թ. ուժի մեջ մտած կոնվենցիայի բարեփոխումն ու համապատասխանեցումն է ժամանակակից պայմաններին՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության բնագավառում ի հայտ եկած նոր մարտահրավերները: Ոլորտում միակ միջազգային պայմանագիրը հանդիսացող կոնվենցիան փոփոխող արձանագրությունը հասցեագրում է անձնական գաղտնիությանը սպառնացող վտանգները, որոնք արդյունք են տեղեկատվական և հաղորդակցման նոր տեխնոլոգիաների կիրառման, և ուժեղացնում է կոնվենցիայի մեխանիզմը՝ երաշխավորելու դրա արդյունավետ իրականացումը: