Արմինֆո. Մենք միջազգային համագործակցության շահառուն ենք և միաժամանակ հանդիսանում ենք անվտանգության, զարգացման և մարդու իրավունքների օրակարգի ներդրող: Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին:
Նա հիշեցրել է, որ 28 տարի առաջ Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, դարձավ միջազգային հանրության լիիրավ անդամ` վերականգնելով իր տեղը և դերը համաշխարհային ասպարեզում: <Մենք կարևոր նշանակություն ենք տալիս արդյունավետ բազմակողմանիությանը: Մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում` խթանելու գլոբալ անվտանգությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային զենքի չտարածումը, միջուկային անվտանգությունը և խաղաղապահ գործողությունները: Հայաստանը մասնակցում է Մալիում, Լիբանանում, Կոսովոյում և Աֆղանստանում գործող խաղաղապահ գործողություններին և կատարում է բուժօգնություն և ականազերծման գործողություններ իրականացնող մարդասիրական առաքելություն: Արդյունավետ բազմակողմանիության օգուտներն արտացոլված են Կայուն զարգացման նպատակներին հասնելու նպատակով իրականացվող գլոբալ ջանքերում: Հայաստանում Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացը փոխլրացվում է մինչեւ 2050 թվականը նախատեսված հավակնոտ վերափոխման ռազմավարության մեկնարկով, որը ներառում է 16 մեգա-նպատակներ:
Կրթության, նորարարության և սմարթ զարգացման առաջնահերթությունները, ներառական և մասնակցային քաղաքական և տնտեսական միջավայրը շեշտում են զարգացման և մարդու իրավունքների միջև փոխկապակցվածությունները: Կանանց և երիտասարդության դերը հետագա առաջ մղելը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար: Մենք կշարունակենք կենտրոնանալ այս բոլոր հարցերի վրա՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային օրակարգում:
Ես կցանկանայի նաև կարեւորել տնտեսական և բնապահպանական քաղաքականության ինտեգրումը: Հայաստանն արդեն զգում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը` արձանագրելով 1.3 աստիճան ջերմաստիճանի միջին բարձրացում: Այս գլոբալ մարտահրավերին դիմակայելու նպատակով մենք աշխատանքներ ենք տանում կլիմայի ֆինանսավորման նորարարական մեխանիզմի մշակման ուղղությամբ, որը մաս է կազմում Գլխավոր քարտուղարի հովանու ներքո կայացած Կլիմայի գործողությունների գագաթաժողովին Հայաստանի ստանձնած ազգային պարտավորության:
Կայուն զարգացումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է ներառական գործընթաց լինի: Այն պետք է հասանելի լինի բոլորին՝ անկախ նրա քաղաքական կարգավիճակից և աշխարհագրական դիրքից: Ոչ ոք, ներառյալ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, պետք է անմասն չմնա կայուն զարգացման գործիքներից: Ինչպես մյուսները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա միջազգային ֆինանսական և տեխնիկական աջակցություն՝ մարդու իրավունքների ամրապնդման, աղքատության հաղթահարման, կրթության բարելավման, կլիմայի փոփոխություններին արձագանքելու և ներառական հասարակություն կառուցելու համար:
Որպես ժողովրդավարական երկիր և միջազգային հանրության հուսալի և կանխատեսելի անդամ՝ Հայաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ միջազգային համագործակցության մեջ` գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, կայուն զարգացմանը նպաստելու և մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները պաշտպանելու համար:
Մենք հանձնառու ենք շարունակել կառուցողական երկխոսությանը միջազգային բոլոր գործընկերների հետ` դիմագրավելու համընդհանուր մարտահրավերները և առաջընթաց և բարգավաճում ապահովելու մեր ժողովուրդների համար:
Մենք դեմ ենք բաժանարար գծերին և առճակատման քաղաքականությանը: Մենք դեմ ենք փակ սահմաններին, որոնք 21-րդ դարում համարվում են անհեթեթություն, բայց դեռ առկա են մեր տարածաշրջանում:
Որպես մի ազգ, որն անցել է ցեղասպանության սարսափի միջով, մենք հանդես ենք գալիս մեր անկայուն տարածաշրջանում փոխըմբռնման և խաղաղության օգտին:
Ռազմական գերազանցության անիրատեսական հույսերի վրա հիմնված էսկալացիայի և սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը Հարավային Կովկասում ապագա չունի: Մեր տարածաշրջանի ժողովուրդներն արժանի են ապրել ազատ եւ խաղաղ՝ բարին արարելու, իրենց երեխաներին սնելու, կրթելու և լուսավոր ապագա կառուցելու համար>,- ասել է Փաշինյանը: