Արմինֆո.Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարար Ռամոնա Մանեսկուի հետ։
Հայայստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, շնորհավորելով Ռամոնա Մանեսկուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթելով իր պատասխանատու առաքելությունում՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը արժևորում է Ռումինիայի հետ դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել շարունակել գործուն քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ՝ բարձրաստիճան փոխայցերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման, խորհրդարանական ձևաչափում շփումների ակտիվացման միջոցով։
Անդրադարձ կատարելով երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը՝ զրուցակիցները որպես կարևոր ուղղություններ առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության, խելացի զարգացման, մշակույթի, գիտության և գյուղատնտեսության ոլորտները։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն այդ առնչությամբ կարևորել են Բուխարեստի և Երևանի միջև ուղիղ չվերթների հաստատումը՝ որպես կարևոր քայլ՝ ուղղված երկու երկրների միջև զբոսաշրջային, առևտրատնտեսական, մշակութային կապերի և մարդկանց միջև շփումների ամրապնդմանն ու աշխուժացմանը:
Զոհրաբ Մնացականյանը և Ռամոնա Մանեսկուն բարձր են գնահատել նաև Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ակտիվ դերակատարությունը՝ որպես երկու երկրները միմյանց կամրջող կարևորագույն օղակ։ Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել Ռումինիայի ԱԳ նախարարին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար և ջերմ վերաբերմունքի համար:
Հայաստան-ԵՄ փոխգործակցության համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձ է կատարել ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցության իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի կիրարկմանը։ ԱԳ նսխարարները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության և նախաձեռնության զարգացման հեռանկարի շուրջ։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր ռումինացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։