Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ սեպտեմբերի 23-ին ԱՀ ԶՈՒ դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված ադրբեջանցի զինծառայողի դին դուրս է բերվել Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծից:
Ինչպես Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կողմերի խնդրանքով և համաձայնությամբ որպես չեզոք միջնորդ մասնակցել է շփման գծից մահացածի աճյունի դուրս բերման գործողությանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Արմինֆոն, սեպտեմբերի 22-ին, ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ էր շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Միաժամանակ, Ամատունին տեղեկացրել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները սեպտեմբերի ընթացքում այցելել են ղարաբաղյան հակամարտության հետեւանքով ձերբակալված բոլոր անձանց: Այցելությունների նպատակն է նրանց պահման պայմանների և նրանց նկատմամբ վերաբերմունքի մոնիթորինգի անցկացումը, ինչպես նաև ընտանիքների հետ նրանց կապի ապահովման համար պայմանների ստեղծմանը նպաստելը: