Արմինֆո. "Վերին Լարս" հսկիչ սահմանային անցակետում ռուսական կողմում ստեղծված իրավիճակը գտնվում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության եւ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր Հյուպատոսության ուշադրության կենտրոնում:
"Դեսպանատան տեղեկություններով, Վրաստան ուղեւորվող բեռնատար մեքենաների կուտակումը ռուսական կողմում պայմանավորված է տեխնիկական պատճառներով։ Մասնավորապես՝ որոշ բեռնատարների գերբեռնվածության եւ թույլատրված նորմերի գերազանցման պատճառով, ինչը լրացուցիչ ձեւակերպումներ է պահանջում, իկս դա, իր հերթին, երկարաձգում է սահմանի հատման ընթացակարգը: ՌԴ համապատասխան կառույցներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի մաքսային կառույցների կողմից անհրաժեշտ քայլեր են իրականացվում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար", - ընդգծվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ: Միաժամանակ, դիվանագիտական ներկայացուցչությունում վստահեցրել են, որ մշտական կապի մեջ են համապատասխան կառույցների հետ՝ տեղում ծագող հարցերը լուծելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանին "Վերին Լարս" անցակետի մոտ ռուսական կողմից 800 բեռնատար մեքենաների խոշոր կուտակում է առաջացել՝ մաքսային հսկողության նորամուծությունների պատճառով: Մաքսատան տեղեկատվության համաձայն ՝ քաշային հսկողությունը սկսել է գործել սեպտեմբերի կեսերից ՝ ՌԴ կառավարության 1998 թվականի "միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրականացման պետական վերահսկողության մասին" որոշման շրջանակներում: Հյուսիսային Օսիայի մաքսատան "Վերին Լարս" անցակետը հագեցած է <Ռուբեժ-Մ > տրանսպորտային միջոցների կշռաչափային բնութագրերի ավտոմատ որոշման համալիրով, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով որոշել միջազգային փոխադրման բեռնատար տրանսպորտային միջոցների կշռային եւ եզրաչափային պարամետրերը, այդ թվում առանցքի կամ առանցքի խմբի ծանրաբեռնվածությունը: Ծանրաքաշ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցի երթեւեկության կանոնները խախտելու համար բեռնատար տրանսպորտային միջոցների առանցքի կամ առանցքի խմբի վրա թույլատրելի ծանրաբեռնվածության գերազանցումը հայտնաբերելու դեպքում փոխադրողի կամ նրա ներկայացուցչի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր են հարուցվում", - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: "Վերին Լարսում" քաշային վերահսկողության ներդրումը ՌԴ կառավարության որոշման ընդունումից 21 տարի անց բացատրել են անցակետի համալիր հագեցվածության երկարատեւ գործընթացով: Մինչդեռ մեծ բեռնատարների վարորդները հայտարարում են, որ տեղյակ չեն եղել նորամուծությունների մասին և վրդովված են տեղի ունեցածից ։