Արմինֆո.Տրդատ Սարգսյանը որոշել է վայր դնել Վայոց ձորի մարզպետի լիազորությունները՝ այսօր մեկնարկած լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո: Այդ մասին մարզպետը տեղեկացրել է ՙՖեյսբուքի՚ իր էջում զետեղված գրառմամբ:
ՙՍիրելի վայոցձորցիներ, քաղաքացիներ, բարեկամներ, հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։ Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։
Ինձ համար մեծագույն պատիվ էր հեղափոխական թիմի կազմում պաշտոնավարել իմ հայրենի Վայոց ձորի նման յուրօրինակ մարզում, ամեն օր շփվել ու աշխատել հպարտ, աշխատասեր, կյանքի նկատմամբ սիրով ու ապագայի հանդեպ հավատով լցված վայոցձորցիների հետ։ Այս պատասխանատու շրջանում ինձ ընձեռված վստահության համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և իմ քաղաքական թիմին։
Հայաստանի Հանրապետությանը և Վայոց ձորի մարզին իրենց պատրաստակամ և քրտնաջան ծառայության համար շնորհակալություն եմ հայտնում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին։ Այս կարճ ժամանակահատվածում մենք միասին կարողացանք Վայոց ձորի համար իրականացնել համայնքային ու մարզային նշանակության կարևոր ու կենսունակ ծրագրեր։ Ես վստահ եմ, որ Վայոց ձորում աշխատանքները շարունակվելու են ու վայոցձորցիների կյանքն օրեցօր բարելավվելու է։
Ծառայել և ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Աղոթում եմ Արա Մխիթարյանի ապաքինման համար՚, - գրել է Տրդատ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության, անցած շաբաթ Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Պաշտպանության նախարարության սպան ծանր վնասվածքներ էր ստացել։ Վայոց ձորի մարզպետի 28-ամյա օգնական Հարություն Գրիգորյանը բռունցքով հարվածել է սպայի գլխին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկե ՝ ստանալով լուրջ վնասվածքներ: Հարուցված քրեական գործի շրջանակներում Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Մարզպետի օգնականը կալանավորվել է։ Այս պահին բժիշկները ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:
Սպայի հարազատներն ու ընկերները իրավապահ մարմիններից պահանջում են արդար հետաքննություն, և՝ որպեսզի մարզպետը հրաժարական տա և, նույնիսկ, դատապարտվի։ "Պետք չեն արդարացումներ՝ թե սպաները հարբած են եղել։ Նրանք նույնպես հարբած էին, բայց նրանց հարբածության մակարդակը չի ստուգվել, ոչ մի դատական բժշկի մոտ չեն գնացել։ Ես պահանջում եմ, որ դատախազությունն անձնական հսկողության տակ վերցնի այդ միջադեպը, որպեսզի արդար քննություն իրականացվի, որովհետև մենք չենք հավատում Վայոց ձորի ոստիկանությանը", - ասել է Մխիթարյանի հարազատներից մեկը։
Մարզպետ Տրդատ Սարգսյանը, որը կառվարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ է, ավելի վաղ հայտարարել էր, որ անհանգստանալու պատճառ չունի, ինքն անձամբ միջադեպին ներկա չի եղել: Քննչական կոմիտեն առգրավել է դեպքի վայրին հարող տարածքում տեղադրված տեսախցիկները։