Արմինֆո. Հայտնաբերվել է Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, պետական պահպանության ծառայության նախկին պետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Այդ մասին հաղորդել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ըստ ոստիկանության նախնական վարկածի՝ տեղի է ունեցել ինքնասպանություն։
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդման համաձայն, Կոտայքի մարզային քննչական վարչությունում Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քննվում են միջադեպի հանգամանքները: Ըստ նախնական տվյալների, սեպտեմբերի 23-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առողջարաններից մեկում տղամարդու դի կա: Դեպքի վայր է մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է Հայկ Հարությունյանի դին ՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: ՙՄիջադեպի փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել են արյան հետքեր, ինչպես նաև զենք և փամփուշտ: Ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն՚, - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2003-2008 թթ.: 2008թ. մայիսի վերջին նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել երկրի գլխավոր ոստիկան Հայկ Հարությունյանին։ Այնուհետև այն ժամանակվա նախագահի հրամանագրով Հայկ Հարությունյանը նշանակվել է պետական պահպանության ծառայության պետ, իսկ երկու տարի անց ՝ 2010 թվականին, գեներալը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության պատիժների կատարման ծառայության պետ։ Որոշ դիտորդների կարծիքով՝ Հարությունյանը զրկվել է երկրի գլխավոր ոստիկանապետի պաշտոնից ՝ մարտի 1-2-ին տեղի ունեցած դրամատիկական իրադարձությունների պատչառով, որոնք ավարտվել են 10 մարդու մահվամբ։ Չճշտված տեղեկությունների համաձայն, Հարությունյանը 2008 թվականի մարտի 1-ի գործով անցնում էր որպես վկա։