Արմինֆո. <Հայ լինելը հետաքրքիր է, և մենք իրար հետ պետք է հայ լինելն ավելի ու ավելի հետաքրքիր դարձնենք>,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի Գրանդ Փարքում հրավիրված հանրահավաքին իր ելույթում:
Փաշինյանը հիշեցրել է, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում խոսել է համահայկականության գաղափարի մասին: <Համոզված եմ՝ ձեզնից շատերը, եթե ոչ բոլորը, հետևել են այդ իրադարձությանը և ես չեմ ուզում կրկնել այն ամենը, ինչ ասել եմ այնտել, այլ ուզում եմ ավելացնել:
Ի՞նչ է նշանակում համահայկականության գաղափարը: Սա նշանակում է, որ աշխարհի բոլոր հայերն առանց կտրվելու իրենց առօրյայից, իրենց կյանքից, իրենց գործունեությունից պետք է արձանագրեն և կամք ցուցաբերեն գործել ի շահ Հայաստանի և Արցախի:
Ուզում եմ ընդգծել, որ իմ այս խոսքն ուղղված է ամբողջ Սփյուռքին՝ Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում: Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա ամենևին չի նշանակում գործել ընդդեմ իրենց բնակության վայր հանդիսացող երկրի և հօգուտ Հայաստանի: Իմ ասածը պետք է արտահայտվի նրանում, որ այդ երկրներում ապրող մեր հայրենակիցներն իրենց ջանքերը պետք է գործադրեն այդ երկրների և Հայաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, Հայաստանի նոր ընկալման հանրահռչակմանը և քարոզչությանը նպաստելու համար: Այո, ինչպես մենք միասին կերտել ենք Հայաստանի նոր իմիջը, այդպես էլ պետք է շարունակենք Նոր Հայաստանի հանրահռչակումը կամ ինչպես ընդունված է ասել՝ promotion-ը: Ձեզնից շատ շատերն այսօր էլ, միշտ են այդպես եղել իրենց ողջ կյանքի և գործունեության ընթացքում, բայց ես հույս ունեմ, որ ձեզնից յուրաքանչյուրը, աշխարհի յուրաքանչյուր հայ, աշխարհի 10 մլն հայությունը կդառնա Հայաստանի, թույլ տվեք այդպես էլ ասել, promoter-ը, որովհետև Հայաստանը բոլորիս երկիրն է և Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է: Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո հայ երիտասարդության շրջանում կաճի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:
Ինձ ասել են, որ այդ երևույթն արդեն տեղ ունի, հարյուրավոր, հազարավոր հայեր, հայ երիտասարդներ Ամերիկայում, ամենուր, որոնք նույնիսկ հայերեն սկսել էին չխոսել, հեղափոխությունից հետո սկսել են ավելի շատ հետաքրքրվել իրենց հայրենիքով, իրենց ինքնությունով ու իրենց պատմությամբ: Եվ մենք ցանկանալով երիտասարդության ուշադրությունը հրավիրել այս նոր իրավիճակի վրա՝ մի այսպիսի ասացվածք կամ կարգախոս ենք մտածել, ասելով, որ սիրելի հայրենակիցներ՝ հայ լինելը հետաքրքիր է, և մենք իրար հետ պետք է հայ լինելն ավելի ու ավելի հետաքրքիր դարձնենք, որովհետև հայ լինելն իսկապես հետաքրքիր է՝ հայ ժողովուրդը ոչ միայն մեծ անցյալ ունի, ոչ միայն մեծ ներկա ունի, այլև շատ ավելի մեծ ապագա ունի և մենք այսօր իրար հետ կերտում ենք այդ ապագան>,- ասել է վարչապետը: