Արմինֆո. Հայաստանը մոտ ժամանակներս մտադիր է դեսպանություն ստեղծել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Այս մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության նիստում։
Ներկայացնելով որոշման նախագիծը ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, Ադիս Աբեբան աֆրիկյան մայրցամաքի քաղաքական հիմնական կենտրոններից մեկն է, այստեղ է տեղակայված Աֆրիկյան Միության կենտրոնակայանը, իսկ Աֆրիկյան Միությանն անդամակցում են աֆրիկյան մայրցամաքի բոլոր պետություններն առանց բացառության: Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական ներկայացվածություն չունի անդրսահարյան Աֆրիկայում, իսկ անդրսահարյան Աֆրիկայի պետությունների ներկայացվածությունը Հայաստանում սահմանափակվում է միայն որոշ պետությունների կողմից ՀՀ-ում ոչ ռեզիդենտ դեսպանների հավատարմագրմամբ։ Ադիս Աբեբայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը զգալիորեն կկարգավորի և կակտիվացնի ՀՀ շփումներն անդրսահարյան աֆրիկյան պետությունների հետ թե՛ հնարավոր տնտեսական հեռանկարների, թե՛ տարբեր միջազգային հարթակներում մայրցամաքի 50-ից ավելի պետությունների և դրանց աջակցությունը ստանալու տեսանկյունից։ Նախարարը տեղեկացրել է, որ իրականացվել են դեսպանության բացման հետ կապված բոլոր անհրաժեշտ հաշվարկները եւ վստահություն հայտնել, որ այդ նախագիծը կիրականացվի ամենամոտ ժամանակներս: