Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Է նշանակվել է գերատեսչության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը, իսկ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը: Այս մասին սեպտեմբերի 19-ին կառավարության նիստից առաջ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։
Նշենք, որ Էդուարդ Աշոտի Մարտիրոսյանը (ծնված 1974թ.) ազգային անվտանգության մարմիններում ծառայում է 1998թ. - ից: 2018թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Արման Սարգսյան (ծնվ. 1978թ.), ծառայում է ՆԳՆ-ում 2000 թվականից: 2018թ. մարտի 18-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկության մասին: ՀՀ նախագահը նույն օրը հրամանագիր է ստորագրել ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին կառավարության ղեկավարի առաջարկով հրամանագիր է ստորագրել ոստիկանապետ Վալերի Օսիպյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Նույն օրը երեկոյան Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։
Ինչպես հայտարարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի վերջին պաշտոնանկությունները նախաձեռնել է անձամբ վարչապետը, և սա հիմնական շեշտադրումն է, որին պետք է ուշադրություն դարձնել: Աղաջանյանի խոսքով՝ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները քննարկվել են կուսակցության վարչության նիստում, այդուհանդերձ, իշխող կուսակցության ներկայացուցիչները չեն անդրադարձել հնարավոր նոր նշանակումներին։ Ինչպես նշել է ՔՊ վարչության անդամը, երկու պաշտոնատար անձանց՝ ԱԱԾ նախկին տնօրենի եւ ոստիկանապետի գործունեությունը չի գոհացրելվարչապետին: Ճշտող հարցին, թե հատկապես ինչը չի գոհացրել վարչապետին, մասնավորապես, ԱԱԾ ղեկավարի աշխատանքում, որը, ի տարբերություն ազգային անվտանգության մարմնի նախկին ղեկավարների, աչքի է ընկել կոռուպցիոներների աղմկահարույց բացահայտումներով, Էդուարդ Աղաջանյանը հիշեցրել է Փաշինյանի խոսքերն այն մասին, որ, հաշվի առնելով ԱԱԾ աշխատանքի առանձնահատկությունները, պետք չէ մանրամասնել: Այն հարցին, թե այդ դեպքում ինչու Վալերի Օսիպյանը նշանակվեց կառավարության ղեկավարի գլխավոր խորհրդական, աշխատակազմի ղեկավարը նշել է, թե հնարավոր է ՝ վարչապետը գտավ, որ այդ կարգավիճակում նախկին ոստիկանապետն օգտակար կլինի։
Արդեն երեկոյան Ֆեյսբուքի իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. <Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել: Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է եւ նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների եւ այս կարգի այլ տարրերի ետեւից: Ինչպես նաեւ Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՊԵԿ քննչական վարչությունը: Կոռուպցիայի եւ հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու: Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա>: