Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին հրամանագիր է ստորագրել Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:
<Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասինե օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վալերի ՕՍԻՊՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից>,- նշվում է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետը բավարարել էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումը: Չհաստատված տեղեկություններով ՝ ԱԱԾ նոր տնօրենի պաշտոնի ամենահավանական թեկնածուն Վահե Ղազարյանն է ՝ Նիկոլ Փաշինյանի ընկերը, ով այժմ ոստիկանության զորքերի հրամանատարն է, ոստիկանապետի տեղակալը: Միաժամանակ շրջանառվում է նաև պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը։ Իսկ ոստիկանապետի պաշտոնում քննարկվում է ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը, ով հունիսի 16-ին <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցության համագումարում ընդգրկվել է համագումարի կողմից ընտրված վարչության կազմում։
Պատահական չէ, որ երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվել է ուժային կառույցների ղեկավարների պաշտոնի թեկնածուների ցենզի փոփոխությունը, որը հնարավորություն կտա վարչապետին ուժային գերատեսչությունների ղեկավարների պաշտոնում նշանակել ոչ միայն պրոֆեսիոնալ կադրեր համակարգից, այլև 25 տարին լրացած Հայաստանի ցանկացած քաղաքացու, ով չորս տարի շարունակ մշտապես ապրել է երկրում։