Արմինֆո. Սեպտեմբերի 16-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատված Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել է, որ իր հրաժարականի տեքստը մեկնաբանելու անհրաժեշտություն դեռ չի տեսնում, սակայն եթե ապագայում նման անհրաժեշտություն առաջանա, ինքը հանդես կգա մեկնաբանություններով: Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը կոչ է արել չփորձել պղտոր ջրում ձուկ որսալ և իրեն ներքաշել այդ խաղերի մեջ։
ԱԱԾ նախկին տնօրենը խոսել է նաև նախորդ իշխանությունների ոգևորության մասին, որը նկատվում է երեկվանից, այդ անձանց հորդորելով մնալ իրենց քաղաքական անցյալում և չփորձել միջամտել գործող իշխանությունների հետ իր հարաբերություններին։ ՙԱյդ հարաբերությունները՝ մենք գիտենք, թե ինչպիսին են, եւ գիտենք, թե ինչպես դրանք շարունակել՚, - ասել է նա:
Արթուր Վանեցյանը նաեւ ասել է, որ առաջիկայում կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի իր պարտականությունների վրա, քանի որ Հայաստանի հավաքականն առաջիկայում երկու կարեւոր հանդիպում է անցկացնելու:
Երեկ հայտնի դարձավ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին: Հայտարարությունը հրապարակվել էր ԱԱԾ պաշտոնական կայքում։ ՙՊետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։ Պատիվ ունեմ՚, - մասնավորապես, ասվում է Վանեցյանի հայտարարության մեջ։