Արմինֆո. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մեջ կան ներիշխանական որոշակի գործընթացներ, և այդ հանգամանքները գնահատելու համար պետք է բացահայտվի բոլոր այն հայտարարությունների իրական իմաստը, որոնք հնչեցվել են այս օրերին։ Այս մասին սեպտեմբերի 17-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է <Բարգավաճ Հայաստան> խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ։
<Գնահատական տալ, երբ տեղեկատվությունը թերի է, մենք չենք կարող, մենք կարող ենք միայն ենթատեքստեր փնտրել, եզրակացություններ անել, սակայն գնահատականներ տալու համար պետք է մի փոքր հստակություն մտցվի>,- ասել է Աբովյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանն իր հերթին շարունակել է, որ այս պահին իրենք լիարժեք չեն տիրապետում այն տեղեկատվությանը, թե
ինչ է տեղի ունեցել, և թեև կան որոշակի ակնարկներ, սակայն դրանց հիման վրա քաղաքական հետևություններ անելը, ըստ պատգամավորի, լավագույն ճանապարհը չէ ։
<Հույս ունեմ, որ պարոն Վանեցյանն առիթ կունենա ասելու, թե ինչ նկատի ուներ հրաժարականի վերաբերյալ իր հայտարարության մեջ, և համապատասխան մարմինները հնարավորություն կունենան մեկնաբանություններ ստանալ ։ Գնդակը գտնվում է բացառապես իշխանության դաշտում, և նրանք պետք է լույս սփռեն այդ գործընթացի վրա>, - ասել է Իվետա Տոնոյանը ՝ հավելելով, որ առայժմ միայն ակնարկներ են հնչում, որոնց հիման վրա իրենք հայտարարություններ չեն անում ։
<Զարմանալի ու տարօրինակ է այն հանգամանքը, որ նկատվում է հասարակության շրջանում հակասությունը. մինչև երեկ ԱԱԾ տնօրենը համարվում էր <հեղափոխական շրջանի> ամենաազդեցիկ դեմքերից մեկը, նրան միշտ գովել են, բայց երեկվանից բուռն քննադատության ու գնահատականների թիրախը դարձել։ Այս ընթացքում մենք հետևում էինք Վանեցյանի աշխատանքին ։ Բնականաբար, ԱԱԾ-ն այն կառույցն է, որը շատ դժվար է գնահատել, քանի որ մենք գործ ունենք ազգային անվտանգության հետ ։ Մենք Վանեցյանի աշխատանքը գնահատում ենք, համենայնդեպս՝ ոչ բացասական>, - եզրափակել է պատգամավորը։
Վանեցյանի հրաժարականի մասին սեպտեմբերի 16-ին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրանից հետո հրաժարականի մասին հայտարարել է ինքը ՝ Վանեցյանը ՝ իր հայտարարության մեջ նշելով, որ <որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում>: