Արմինֆո. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը կարող է ունենալ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պատճառներ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Ներքին պատճառները, ըստ նրա, կարող են պայմանավորված լինել վարչապետի շրջապատի պալատական խաղերով։ Նույնիսկ իշխանական ամենափակ համակարգերում միշտ էլ պայքար է գնում երկրի ղեկավարի վրա ներքին ազդեցության համար։ Մինչդեռ, Հայաստանում ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, ինչպես և քննչական մարմինները, վարչապետին կից կառույցներ են ։
<Դրանք առանձին նախարարություններ չեն, նրանց ղեկավարները վարչապետին մոտ կանգնած անձանցից են: Հետևաբար՝ Վանեցյանը կարող էր պարտվել այդ ներքին պայքարում։ Սակայն, նրա հեռանալը կարող էր նաև արտաքին, աշխարհաքաղաքականության հետ կապված պատճառներ ունենալ>, - ընդգծել է նա ։
Վանեցյանի հրաժարականի մասին սեպտեմբերի 16-ին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրանից հետո հրաժարականի մասին հայտարարել է ինքը ՝ Վանեցյանը ՝ իր հայտարարության մեջ նշելով, որ <որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում>: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն հրամանագիր է ստորագրել Վանեցյանին Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին: Ելնելով Վանեցյանի հնչեցրած հայտարարություններից ՝ իրավապաշտպանը համոզմունք է հայտնել, որ ԱԱԾ տնօրենի հրաժարականն ակնհայտորեն տեղի է ունեցել ոչ իր ցանկությամբ։ Վանեցյանը, ըստ նրա, ակնհայտորեն դժգոհ էր վարչապետի ինչ-որ գործողություններից, ուղեգծից, ինչի արդյունքում ստիպված էր հրաժարական տալ։ Իսկ Փաշինյանի այդ գործողությունների վերաբերյալ, ըստ Իշխանյանի, կարելի է միայն ենթադրություններ անել ։