Արմինֆո. Պետական ծառայությունից հրաժարական տված յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտելու իր անձնական տեսակետը: Այս մասին սեպտեմբերի 16-ին Վանաձորում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի այսօրվա հայտարարությանն մասին հարցին, որն, ըստ էության, իշխանություններին մեղադրել է գործողությունների հախուռնության և առաջնայինը երկրորդականից չտարբերելու գործելաոճի մեջ:
Ավելի վաղ ԱԱԾ նախկին տնօրենը հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից իր հրաժարականի մասին:
<Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։
Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:
Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռե-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։ Պատիվ ունեմ>,- գրել է Վանեցյանը:
Մինչդեռ, ինչպես այսօր հայտարարել Է վարչապետը, ինքը ծանոթ չէ Վանեցյանի այդ հայտարարությանը։ <Կծանոթանամ և կհայտնեմ իմ պատասխանը>, - նշել է կառավարության ղեկավարը ՝ հավելելով, որ կան մի քանի թեկնածուներ
ԱԱԾ ղեկավարի պաշտոնի համար, որոնց հետ համապատասխան զրույցներ կանցկացվեն։