Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2019 16:22
Մարիաննա Մկրտչյան

Յոահիմ Գաուկ. Հայաստանի պատմական առաքելությունը պետք է լինի այս տարածաշրջանում իրական ժողովրդավարություն կառուցելը

Յոահիմ Գաուկ. Հայաստանի պատմական առաքելությունը պետք է լինի այս տարածաշրջանում իրական ժողովրդավարություն կառուցելը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մասնավոր այցով Հայաստան ժամանած Գերմանիայի պաշտոնաթող նախագահ Հանս Յոահիմ Գաուկին:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ջերմորեն ողջունել է պարոն Գաուկի այցը մեր երկիր և նշել, որ ուրախ է նրան տեսնել Հայաստանում: «Հայաստանում Ձեզ ընկալում են որպես հայ ժողովրդի բարեկամ, դա պատահական չէ և պայմանավորված է Ձեր գործունեությամբ: Մենք արձանագրել ենք, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ձեր հայտարարությունը դարձավ մեկնակետը, որի արդյունքում Գերմանիայի Բունդեսթագը Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև ընդունեց»,- ասել է վարչապետը և կարևորել պարոն Գաուկի գործունեությունը նաև իրավապաշտպանության ուղղությամբ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի են ունենում ժողովրդավարական լուրջ փոփոխություններ: «Հիմա շատերն են հարցնում, թե ինչպես հեղափոխությունը տեղի ունեցավ առանց զոհերի: Դրա պատասխանը պարզ է. մեր հեղափոխությունը հիմնված էր քրիստոնեական արժեքների վրա, որոնք թույլ են տվել առանց ցնցումների իրականացնել փոփոխությունները»,- ասել է վարչապետը:

 

Անդրադառնալով հայ-գերմանական հարաբերություններին` Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ դրանք զարգանում են դինամիկ կերպով, վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ: Որպես արդյունք` վարչապետը շեշտել է Գերմանիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի կտրուկ աճը. այդ առումով գերմանացի զբոսաշրջիկների այցերի աճը երկրորդ տեղն է զբաղեցնում Չինաստանից հետո: «Ինձ համար կարևոր է մարդկային այն հոգատարությունը, որը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ տածում է Գերմանիայի կանցլերը, ինչը կարևոր մարդկային գործոն է ավելացնում հայ-գերմանական հարաբերություններին: Համոզված եմ, որ Ձեր այցի արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունների մթնոլորտն էլ ավելի կլավանա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Հանս Յոահիմ Գաուկը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Պարոն վարչապետ, Դուք Ձեր խոսքում հիմնավորեցիք իմ այցի կարևորությունը: Մեզ համար շատ կարևոր է, որ գերմանական հանրության մեջ Հայոց ցեղասպանության փաստը խորապես ընկալվի: Կարևորն անցյալում տեղի ունեցած իրադարձություններն արձանագրելն է: Մենք հիանում ենք այն հանգամանքով, որ Հայաստանում տեղի են ունենում հիմնարար փոփոխություններ` ժողովրդավարական արժեքների վրա հիմնված իրավական պետություն կառուցելու ուղղությամբ»,- նշել է Գերմանիայի նախկին նախագահը` ավելացնելով, որ Հայաստանի պատմական առաքելությունը պետք է լինի այս տարածաշրջանում իրական ժողովրդավարություն կառուցելը: Հանս Յոահիմ Գաուկն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը և  Եվրոպական միությունը ամենայն ուշադրությամբ են հետևում Հայաստանի փոփոխություններին: Գերմանիայի նախկին նախագահը շեշտել է, որ ԵՄ-ն ունի քաղաքական կամք` Հայաստանի իրավական համակարգի զարգացմանն ու երկրում օրենքի գերակայության ամրապնդմանն օժանդակելու համար:

 

Իր հերթին վարչապետ Փաշինյանն ավելացրել է, որ իր գլխավորած կառավարության ամենամեծ առաքելությունն է համարում Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրի փոփոխությունը: 

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-գերմանական հարաբերությունների և ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի